Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտողը դեբիլ է, ու բոլորովին էլ անհրաժեշտ չէ բացատրել, թե այդ ինչն է այս ֆիլմում, որ 7 միլիոն դոլար արժի

Փետրվար 15,2013 16:05

Ի՞նչ կմտածեր «Գարեգին Նժդեհ» ֆիլմը դիտողը, եթե, ասենք, նա լիներ օտարերկրացի կամ, ենթադրենք, որեւէ դեռահաս, որը մեր դասագրքերի ու դասավանդման, խոստովանենք, ոչ այնքան բարձր որակի պատճառով չգիտի, թե ինչ պատմական կերպարի հետ գործ ունի: Իրոք, ի՞նչ:

Այն, որ Գարեգին Նժդեհը անհասկանալի է, թե ինչպես հանկարծակի հայտնվեց հերոսամարտի հառնած բանակի հրամանատարի դերում, որն, ի դեպ, անվերապահորեն ենթարկվում ու սիրում է նրան: Հետո սույն զորահրամանատարը սարսափելի դյուրահավատ, նույնիսկ, կարելի է ասել, միամիտ մարդ է, ինչի պատճառով մի քանի անգամ թշնամու դավադիր գնդակից վիրավորվում է եւ ստանում լիարժեք կյանքի հետ անհամատեղելի վերքեր:

Այնուհետեւ, պետք է ենթադրել, մի շարք հաղթանակներից հետո, նաեւ մեծ արժանապատվությամբ լքում է հայրենիքը եւ հայտնվում արտասահմանում: Դե փառք Աստծո, կարելի է գլխի ընկնել, թե ինչու: Այն էլ, միայն այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ իրազեկ են, թե ինչ էր կատարվում Հայաստանում սովետիզացիայի ընթացքում եւ դրանից հետո:

Եւս մի բան: Հերոսի բարոյական կերպարը դե, մեղմ ասած, այնքան էլ բարձր որակներով չի օժտված: Անհասկանալի է, թե ինչու վտարանդվելիս իր հետ չի վերցնում իր առաջին կնոջը, որի քնքուշ եւ ռոմանտիկ կերպարը ֆիլմում ինչպես անսպասելի հայտնվում է, այնպես անսպասելի էլ անհետանում: Եվ ինչպես, չնայած իր հսկայական կապերին եւ հեղինակությանը Հայաստանում, ամբողջ կյանքի ընթացքում չի կարողանում լուր ուղարկել իր առաջին սիրեցյալին իր մասին: Դե, իհարկե, կարելի է ենթադրել, հենց իր իսկ` կնոջ, անվտանգության նկատառումներով: Միգուցե, հենց այդ իսկ նույն անվտանգության նկատառումներով էլ արտասահմանում նա սկսում է ապրել մեկ այլ կնոջ հետ: Այնուհետեւ. հերոսը, փաստորեն, գիտի համարյա բոլոր լեզուները: Դե գոնե նվազագույնը` այդ պահին իրեն ամենապետքականները:

Բացի այդ, խեղճ կինոդիտողի մոտ զգացողություն է առաջանում, որ հիսունականներին պարոն Նժդեհը խիստ աճել է չափերով` հասակով, քաշով եւ այլն: Կարծես նույնիսկ աչքերի գույնն է փոխվել: Մնում է ենթադրել, որ ստալինյան գուլագներում այնքան էլ վատ չէին կերակրում: Կարելի է դա իհարկե վերագրել «տեխնիկական» օբյեկտիվ պատճառների, որոնք, դե համաձայնեք, ֆիլմի հեղինակները կարող էին գոնե նկատել հում նյութի նախնական դիտումների եւ ֆիլմի մոնտաժի ժամանակ (ենթադրվում է, որ գոնե այդպիսի աշխատանքներ կատարվել են): Իսկ միգուցե ուղղակի ալարե՞լ են փոփոխություններ անել: Կամ, ավելի ճիշտ, որոշել են` и так сойдет:

Իսկ այն, որ ֆիլմի ստեղծողները դիտողին ուղղակի անուղեղ տգետի տեղ են դրել միարժեք ակնհայտ է: Ի դեպ, կարծում եմ որ հենց միայն դա է, որ ֆիլմում ակնհայտ է:

Դիտողը դեբիլ է, ու բոլորովին էլ անհրաժեշտ չէ բացատրել, թե այդ ինչն է այս ֆիլմում, որ յոթ միլիոն դոլար արժի: Հանդիսատեսը, հատկապես անվերջանալի ու անիմաստ սերիալներում «կոփված», իհարկե կուլ կտա ամեն ինչ, մանավանդ որ կարելի է խաղալ նրա հուսահատ հայրենասիրական զգացմունքների վրա: Հետեւաբար ոչ էլ պետք է լարվել, ծանր ու թեթեւ անել, տանջվել «ստեղծագործական տվայտանքերի» հորձանուտում, որպեսզի մինչեւ տրամաբանական ավարտ հասցնել որեւէ սյուժետային գիծ կամ կերպար:

Հանդիսատեսը տխմար է, սցենարը կարելի է խզմզել հաշվի առնելով միայն «թոփ-աստղերին» խոստացված էպիզոդների քանակն ու հոնորարների չափը, այլ ոչ թե այն, որ հանդիսատեսը գոնե մի որեւէ բան հասկանա սյուժեից: Իսկ գեղարվեստականության ու որակի մասին մտածելն իսկ ավելորդ է:

Այդ իսկ պատճառով, նույնիսկ նախատեսված «ամենասրտաճմլիկ» տեսարաններն անգամ իրենց ձգձգվածության պատճառվ ոչ մի զգայացունց ներգործություն չունեն: Հեկեկալ չի ուզում նույնիսկ նորօրյա , այսպես կոչված, «կինոնովելներում» հոգին նրբացրած-հղկած սերիալամոլը, չնայած ակնհայտ է, որ հենց այս հանդիսատեսն էլ որպես թիրախ է ընտրված:

Հանդիսատեսը տխմար է, որը վազելու է գովազդային աղմուկի հետեւից, ու ինչպես ամեն տեսակ աղբ կարելի է վաճառել սուպերմարկետներում, այնպես էլ կարելի է «կերցնել» սա:

Մանավանդ որ ֆիլմը նկարահանված է կլիպային մտածողությամբ, կլիպային տեխնոլոգիայով ու կլիպագործների կողմից (չեմ ուզում անվանել կլիպմեյքերներ, որովհետեւ մտքիս եկավ ավելի տեղին բառ-կլիպչի):

Դե իհարկե կլիպը վատ բան չէ: Ու իհարկե ոչ էլ վատ է, երբ կլիպագործ զինվորը ուզում է կինոստեղծ գեներալ դառնալ: Բայց դե ախր սկսնակ ադամանդագործը մինչեւ Կուլինան ադամանդ հղկելը, պետք է «պարապի» մանր-մունր քարերի վրա` իր վարպետությունը մշակելով, չէ՞:

Եվ վերջապես ուզում եմ հայտարարել, որ հանդիսատեսը տխմար չէ:

Մի խումբ զայրացած, ձեր կարծիքով՝ տխմարներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լուսի says:

    պարզվում է, որ հանդիսատեսը հենց էլ տխմար է

  2. lLaura Antonyan says:

    Ես արդեն նյարդայնանում եմ, ինչ եք ուզում այ մարդ, ես էլ կարող եմ բազում մարդիկ բերել ովքեր նայել են ու միաբերան կարող են ասել, որ ՖԻԼՄԸ ՍՏԱՑՎԱԾ էր, ես անձամբ չեմ նայել, բայց շատ եմ ցանկանում ու կնայեմ, ում հարցրել եմ գոհ է ֆիլմից, ով դուրս է եկել կինոդահլիճից արցունքն աչքերին է դուրս եկել, Կներեք մեզ նվաստնեռիս, որ երևի չունենք այդքան ասհղառհաըացք, գաղապառ, վօռ հասկանանք, ինչու ֆիլմ չէ այլ կլիպ, դե եթե կլիպ է, ուրեմն քավ լիցի, լավ է, որ նման կլիպ գոնե գոյություն ունի երկու ժամ տևողությամբ, ու որ հանդիսատեսը ոնց հոդվածում է ասում տեղյակ չէ ՆԺԴԵՀԻՑ ու իր ծավալած գործունեությունից, գոնե կծանոթանա որոշ չափով կտեղեկանա……… ու թող , որ նման ֆիլմերը շատանան, ոչ թե անիմաստ հեռուստահաղորդումները, օր օրի սնկի պես աճող ԶԼՄ-ները……………………………….. Պետք է մյուս հերոսների մասին էլ նման ֆիլմեր նկարահանել………………..

  3. Vaginak says:

    Ցավալի է ընդունել, բայց այս ֆիլմը ցուցադրելու ճիշտ տեղը գազանանոցի կապիկների վանդակն է:

  4. Zaven says:

    что правда глаза колит? Почему стираете комментарии?

  5. Հարություն Ասլանյան says:

    Ֆիլմը դիտելիս նման (ոչ այդքան խոր) մտահոգություններ ինձ մոտ ևս առաջացան:
    Իսկ ի՞նչ կասեիք պատվիրատուների (ավելի ճիշտ՝ նրանց անտխմարության) մասին: Փողերի լվացու՞մ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728