Կարծես ավանդույթ է դարձել Հայաստանում, որ տոներին ամեն ինչի գները պետք է բարձրանան: Այս անգամ Սուրբ Վալենտինի տոնին բարձրացել էին նվերների, մասնավորապես փափուկ խաղալիքների և իհարկե ծաղիկների գները, որոնք տարեց-տարի գնի ռեկորդ են սահմանում: Փետրվարի 14-ին մեկ հատ վարդը վաճառվում էր 1500-2000 դրամ, նախկին անհամեմատ ցածր գնի դեպքում:
«Դե գիտեն՝ ինչ գին դնեն` պետք է գնենք, չէ որ այս օրը մեր սիրելիների համար ոչինչ չենք խնայում: Իրենք էլ անխնա գներ են դնում 150 դրամանոց վարդի գնի կողքին ավելացնում մեկ զրո, դե փափուկ խաղալիքներն էլ չասեմ. փոքրիկ սրտերն այս խանութում 800-2500 դրամ է, իսկ մեծեր` 12000-ից 37000 դրամ, իսկ մի քանի օր առաջ 12000 դրամանոցը 8000 դրամ էր: Իրենց ձեռքն է, ինչ գին ուզեն դնում են, մենք էլ առնում ենք»,-ասում է զրույցակիցս, ով սիրելիի համար նվեր էր գնում:
Ողջ օրը հուշանվերների խանութներում և ծաղկի վաճառակետերում հերթեր էին, գնորդները դժգոհում էին սպասելուց. «Գները ձեր ուզած ձեւով բարձրացնում եք` բարի եղեք այս օրերը մեկ հոգի ավել վաճառող ընդունեք, որ մարդավարի սպասարկեք, այլ ոչ թե մեկ ծաղկի համար 20-30 րոպե պետք է սպասենք»:
Էմին Մաթեւոսյան՝ (mynews.am)