Լրահոս
Օրվա լրահոսը

Սուր շնչառական վարակներ և գրիպ. Հայաստանում իրավիճակը հանգիստ է

Փետրվար 15,2013 14:56

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը մնում է հանգիստ, դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Իրականացվող մոնիտորինգի տվյալներով 2013 թվականի ընթացքում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ 2013 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ նվազել է գրեթե 1,7 անգամ:

2013թ. փետրվարից հանրապետությունում շրջանառվում են գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությամբ այն այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը և  դասվում է սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, որին կարող են նպաստել բժշկին ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս։ Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։ 90% դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դերքերում` Բ տեսակները:

ՀՀ առողջապահության նախարարությունը  բնակչությանը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Ներկայումս հանրապետությունում շարունակվում են սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է սուր շնչառական վարակների և գրիպի օրական մոնիթորինգ:

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀԻՇԵՑՆՈՒՄ է՝

  •  Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
  • Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն 
  •  Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների ժամանակ
  • Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ
  • Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին
  •  Հագնվե՛ք եղանակին համահունչ
  • Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը
  • Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728