Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական հերթական նիստը:
Ամբաստանյալի աթոռին է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին՝ Ստեփան Հակոբյանը: Ի դեպ, դատարան բերված այս գործով սպանությունը կազմակերպելու մեղադրանքով դատապարտված, տաքսու վարորդ Արթուր Հովհաննիսյանը պատասխանելով նրա պաշտպան Երեմ Սարգսյանի հարցերին, ասաց, որ առաջին անգամ է տեսնում նրան:
Դատապարտյալը հրաժարվեց դատաքննության ժամանակ ցուցմունք տալ եւ պատասխանել մեղադրող՝ Արմեն Մարոււխյանի հարցերին:
Երեմ Սարգսյանի հարցերին նա պատասխանեց, իսկ մինչ այդ էլ Ե.Սարգսյանը հիմնավորեց, թե ինչ պատճառով նախաքննության մարմինը ունեցել է հարցեր տալու հնարավորություն, իսկ պաշտպանական կողմը հնարավորությունից զրկված է եղել, հետեւաբար, դատարանը այլեւ քննության առարկա չդարձրեց դատապարտյալի իր իրավունքներից օգտվելու հարցը:
Կարդացեք նաև
Դատարանը մինչ այդ հրապարկեց դատապարտյալի նախաքննության ժամանակ տրված երկու իրարամերժ ցուցմունքները:
Տաքսու վարորդ Արթուր Հովհաննիսյանը ասել էր, որ ծանոթացել է Արսեն Առուշանյանի հետ «Մոնտե Կառլո» խաղատանը: Ի դեպ, Արսենը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Խաղատանը որպես մատուցող աշխատել է նաեւ իր մտերմուհին՝ սպանության գործով օժանդակելու համար արդեն դատապարտված Լուսինե Ղեւոնդյանը:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, իրենք ընկերացել են Արսեն Առուշանյանի հետ, իսկ մի քանի անգամ նա Արսենին մեքենայով տարել է Սեդրակ Զատիկյանենց տան մոտ: Արսենը քանիցս ասել է, թե մարդ է ման գալիս:
Ըստ առաջին ցուցմունքի, Արսենը մի անգամ ասել է՝ թասիբի հարց է, եւ իրեն հայտնել է, թե պետք է սպանի Սեդրակին: Նա ավտոմատ էր վերցրել իր հետ: Ինքը իջեցրել է Արսենին այն սրճարանի մոտ, որտեղ աշխատում էր Սեդրակը: Սակայն չի հաջողվել կրակել:
Սպանության օրը Արսենին իջեցրել է Սեդրակենց տան «դալանի» մոտ, Լուսինեն էլ, երբ Սեդրակի մեքենան նրա տան մոտից սկսեր շարժվել, պետք է զանգեր եւ ասեր Արսենին:
«2 ժամ սպասել եմ: Մոտս հեռախոս չկար:Հետո տեսա, որ Լուսինեն մոտենում է: Մինչ Լուսինեի մոտենալը՝ լսեցի կրակոցի ձայն»,- հայտնել էր վարորդը:
Հետագայում Արգավանդի մոտ հանդիպել են Արսենին, նախնական պայմանավորվածության համաձայն. «Սպանեցի,- ասաց Արսենը,- նա խառնված վիճակում էր…»:
Ըստ ցուցմունքի, դրանից հետո Արսենին, որի հետ գնացել էին «Նաիրիկի օբյեկտ», մոտեցել է մի անձնավորություն՝ նրան տալով փաթեթ:
Արսենն այդ փաթեթից իրեն է տալիս 2000 դոլար գումար:
Ա. Հովհաննիսյանը հայտնել էր, որ իր համար Արսենը ծախսել է 30 000 դոլարի չափ գումար:
Իսկ երկրորդ հրապարակված ցուցունքում, Ա. Հովհաննիսյանը ասել էր, որ Արսենը ինքնաձիգի համար պայուսակ չի գնել, իրեն գումար չի տվել, գումար չի ծախսել:
Երեմ Սարգսյանի հարցերին, թե երբ են հարցաքննել Ա. Հովհաննիսյանին, վերջինը պատասխանեց՝ գիշերվա 4-ին: Եթե կար հարցաքննությունը սկսելու ժամը՝ 23.30-ը, ապա արձանագրության մեջ նշված չէր հարցաքննությունն ավարտելու ժամը: Պաշտպանը ուշադրություն հրավիրեց քրեական դատավարության օրենսգրքի վրա. Հարցաքննելու էին «անհետաձգելի դեպքերի» համար.«Իսկ այս դեպքում խոսք չի գնացել անհետաձգելի հարցաքննության մասին»:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ իրեն խոշտանգել են, որ ազգային անվտանգության աշխատակիցը խաբել է, թե իրենց պաշտպանն է, իսկ իր ծնողները չեն իմացել, որ դա շինծու փաստաբան է եղել, լսել է Լուսինեի բղավոցները, որ իր մորը խփել են, ատամները ջարդել.«Ես ինչ կանեի: Չեմ ուզում, որ այս տղան՝ Ստեփան Հակոբյանը, դատվի: Ես կորցրեցի հորս, կորցրեցի ամեն ինչ, դեռ երկար ժամանակ էլ պիտի նստեմ»:
Դատախազը միջնորդեց, որ դատապարտյալի խոշտանգումների մասին արված հայտարարությունը ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, ինչին չառարկեց նաեւ դատավոր Տիգրան Պետրոսյանը:
Դատական նիստը կշարունակվի փետրվարի 20-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ