Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Վենետիկի Մխիթարյան միաբանությունում նախարարության հետ համատեղ վերջերս կազմակերպված գիտաժողովի և հնագույն տպագրական սարքերի ցուցահանդեսի ժամանակ որոշվել էր ստեղծել Մխիթարյան միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որը շնորհվելու է հայ գրատպության, գրահրատարակչական գործունեության բնագավառում մեծ ավանդ ունեցող անհատներին:
Հայ գրահրատարակչության զարգացման, գիտակրթական գործունեության, դասագրքերի ստեղծման գործում մեծ ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հակոբ Մեղապարտ» մեդալով պարգևատրեց «Տաթև գիտակրթական համալիրի» տնօրեն, «Զանգակ-97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանին:
Սոկրատ Մկրտչյանը Հայաստանում հայտնի է իր գիտամանկավարժական, հրատարակչական լայնածավալ գործունեությամբ, անդամակից է գիտության և կրթության ոլորտում գործող մի շարք հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների և միավորումների, մի քանի տասնյակ դպրոցական և բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Նրա հեղինակած դասագրքերը երաշխավորված են ԱՊՀ այլ երկրների համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից և օգտագործվում են միջինասիական հանրապետությունների հանրակրթական ուսումնական հաստատություններում:
«Զանգակ-97» հրատարակչության կողմից տպագրված գիտահանրամատչելի, ուսումնական, գեղարվեստական, մանկական բազմաթիվ գրքերը, ուսումնաօժանդակ նյութերը երկար տարիներ մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքի հայ համայնքներում, նպաստելով հայեցի կրթության և դաստիարակության գործին:
Կարդացեք նաև
«Զանգակ-97» հրատարակչությունը՝ նախարարության և սփյուռքի համապատասխան մասնագետների հետ համագործակցելով՝ ստեղծել է Սփյուռքի միօրյա հայկական դպրոցների համար նախատեսված «Այբբենարան», երկու «Արևմտահայերենի դասագիրք-ընթերցարան» դասագրքերի փորձնական տարբերակները, որոնք հրատարակվել են և առաքվում են Սփյուռքի դպրոցներ:
Սոկրատ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և հավաստիացրեց, որ այսուհետ առավել հետևողականորեն կշարունակի Հակոբ Մեղապարտի սկսած գործը ու կիրականացնի նոր, արդիական գրահրատարակչական ծրագրեր, որոնք կնպաստեն մայրենի լեզվով կրթությանն ու դաստիարակությանը, հայ գրքի դերի բարձրացմանը, հայապահպանությանը Սփյուռքում:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ