Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեջեփ Մարաշլ. «Ցեղասպանությանը մասնակից քրդերը պետք է ճանաչեն իրենց անցյալը» (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 14:22

Թուրքական հալածանքից փախած գործիչը` ցեղասպանության խնդրի մասին

 «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը ներկայացրեց գերմանաբնակ, ծնունդով էրզրումցի, քրդական եւ թուրքական արմատներ ունեցող  Ռեջեփ Մարաշլին, ով Բեռլինում «Ցեղասպանություններից տուժածների հետ զորակցության միավորման» ներկայացուցիչն է. «Նա մի քանի անգամ Թուրքիայում բանտ է նստել եւ խոշտանգվել: Երեւի, Թուրքիայում ամենախոշտանգված քաղբանտարկյալն է: Բանտից դուրս գալուց հետո նա գիրք է հրատարակել` «Հայ ազգային-դեմոկրատական շարժումները եւ 1915թ-ի ցեղասպանությունը», որում ներկայացվում է հայոց պատմությունը, ցեղասպանության ծրագրավորումը եւ դրան մասնակցություն ունեցած քրդերի գործողությունները: Գրքում Արեւմտյան Հայաստանը ներկայացվում է որպես հայերի օրրան»: Հացպանյանը հավելեց, որ իր երեխային «մարդավայել» մեծացնելու համար Մարաշլը տարիներ առաջ ապաստան է գտել Գերմանիայում, որտեղ էլ մի քանի քուրդ մտավորականներրի հետ հիմնել է «Ցեղասպանություններից տուժածների հետ զորակցության միավորումը». «Նրա հիմնած կենտրոնը զբաղվում է հատկապես հայերի ցեղասպանության խնդիրներով, աշխատում նաեւ ասորիների եւ եզդիների հետ»:

 

Մարաշլը նշեց,  որ միավորման նպատակն է` ներկայումս ազատագրական պայքար մղող քրդերի շրջանում ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը, որի իրագործմանն առնչվել են նաեւ նրանք. «Քրդերը պետք է ճանաչեն  իրենց պատմությունը, որովհետեւ ցեղասպանությունն իրականացնողի եւ դրանից տուժածի թոռներն այսօր Գերմանիայում կողք կողքի են ապրում: Մենք ներկայացնում է ենք ցեղասպանության իրողությունը. սովորաբար, դրա մասին խոսելիս ասում են «երիտթուրքեր», «Օսմանյան կայսրություն», բայց ոչ մեկ հաշվի չի առնում հասարակական գործոնը: Պետք չէ ամեն ինչ գցել պետության վրա, յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի դրա համար»: Մարաշլի խոսքով. «Այդ գործում արդեն իսկ հաջողությունների ենք հասել: Քրդերը ճանաչում են ցեղասպանությունից տուժած հայերին»:

Մարաշլը նաեւ ասաց, որ Ֆրանկֆուրտում գործող մի կազմակերպության անդամ է, որի ներկայացուցիչներն ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ:

Գրողը կարծում է, որ մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը թուրքական կառավարության կողմից դրական տեղաշարժեր չեն լինի. «Սակայն Թուրքիայում խոսում են ցեղասպանությունից, իսկ հատկապես երիտասարդները` հետաքրքրվում դրանով: Այդ գործընթացը սկսվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728