Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի գնահատմամբ,
նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից ու իր թեկնածությունը հանելուց հետո, քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել:
«Ինչպես ասում են՝ հիվանդի սիրտը տանձ է ուզում, Հայրիկյանի սիրտն էլ ուշադրություն է ուզում, դրա համար վատացավ: Բագրատյանի սիրտը Հայրիկյանը կոտրել է, Րաֆֆիի սիրտն էլ 2-րդ փուլ է ուզում: Ինչը չեն ուզում իշխանությունները, որովհետեւ ըստ սցենարի, այդպես չէր գրվել»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Հարությունյանը:
Նրա խոսքերով, պարոն Հայրիկյանը մի շաբաթում այնքան հակասող բաներ ասաց, որ իր վարկանիշը դրանից ոչ թե աճեց, այլ մոտեցավ զրոյի. « Իսկ Բագրատյանի հետ երկխոսությունը երկուսին էլ վնաս է»:
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանի դիտարկմամբ, նախագահի թեկնածուներից էպոսագետը, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը իշխանություններին հաստատ չեն շնորհավորի. «Բագրատյանը, համենայնդեպս, պիտի չշնորհավորի, Հայրիկյանի վարկանիշն էլ այնքան իջավ, որ իշխանությունների համար այնքան էլ ցանկալի չէ ու ոչինչ չի տա շնորհավորելը, Րաֆֆին էլ, ինչպես միշտ, որպես ոչ հուսալի գործընկեր է: Հետեւաբար իշխանություններին նյարդայնացնում է, որ Րաֆֆին 2-րդ փուլ է ուզում ու միաժամանակ նաեւ շնորհավորող է պետք»:
Նախագահի նախկին թեկնածուի խոսքերով, փետրվարի 18-ից հետո անակնկալներ են սպասվում թեկնածուների մասով: Իր մասով էլ, առանց փակագծերը բացելու, ասաց, որ արդեն նախնական պայմանավորվածություններ ունի որոշ կուսակցությունների հետ ու կոնսուլտացիաներ է նախատեսել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ