Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը կաշառք չի պահանջում «զբաղեցրած պաշտոնի ուժով»

Փետրվար 15,2013 13:59

Վերջերս «Ժողովրդավարական ընտրությունների խթանումը» ծրագրի առնչությամբ ԵԱՀԿ գրասենյակի միջոցառման ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարը անդրադառնալով ծառայության քննությանը՝ ընդդատյա ընտրակաշառք տալը եւ ընտրակաշառք ստանալը նորմին (Քրեական օրենսգրքի 154- 2 պրիմ հոդված), մտահոգություն է հայտնել, որ ընտրակաշառք ստացողը  տեղեկանալով, որ ինքը նույնպես ենթարկվում է քրեական պատասխանատվության, հրաժարվում է կատարվածի մասին հաղորդելուց, ինչը անհնարինություն է առաջացնում ընտրակաշառք տվողին պատժելուն: Պաշտոնյան գտնում է, որ նման իրավիճակից խուսափելու, ինչպես նաեւ ընտրակաշառք տալու դեպքերը կանխարգելելու նպատակով նպատակահարմար կլինի օրենսդրորեն խրախուսող նորմ ամրագրել եւ ընտրակաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնելու դեպքում ընտրակաշառք ստացողին քրեական պատասխանատվությունից ազատել, միաժամանակ սահմանել այդ մասին հայտնելու սեղմ ժամկետ («Առավոտ» օրաթերթ, 17.01. 2013թ):

Քրեական օրենսգրքի 154-2 պրիմ  նորմը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրողը թեկնածուի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու առնչությամբ կաշառք ստանալու համար, մենք հակիրճ դիտարկել ենք  «Առավոտ» օրաթերթի 09.01.13թ. եւ 10.01.13թ. համարներում: Հիշեցնեմ, որ կաշառք տալը եւ կաշառք ստանալը արարքները ուղղված են ոչ թե քաղաքացու ընտրելու իրավունքին կամ մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ, այլ ոտնձգում են մեկ ուրիշ օբյեկտի՝ պետական կառավարման մարմինների բնականոն գործելուն եւ համարվում են պաշտոնական հանցագործությունների ամենավտանգավոր տեսակը: Տարբեր են նաեւ սուբյեկտիվ հատկանիշները, ըստ որում տուժողը պաշտոնական անձ չէ, հետեւաբար քննարկվող նորմում ոչ թե պետք է փոփոխություններ կամ լրացումներ կատարել, այլ ենթակա է հակասահմանադրական ճանաչելուն, քանզի քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը բացակայում է (Քրեական օրենսգրքի 3-րդ հոդված):

Իմ կարծիքով, պրագմատիկ չէ նաեւ կաշառք ստանալու մասին սեղմ ժամկետում իրավապահ մարմիններին հայտնելու դեպքում կաշառք ստացողին քրեական պատասխանատվությունից ազատելու խրախուսանքով այդ հանցագործությունը կանխարգելելու տարբերակը: Նախ՝ օրենսդրությամբ կաշառքի պարագայում խրախուսելու պայմանը վերաբերում է կաշառք տվողին, հաջորդը՝ ընտրողի օգտին կողմ կամ դեմ քվեարկելը բնավ պաշտոնական լիազորություններ չեն, այլ  քաղաքացու սահմանադրական իրավունք, եւ ընտրողը կաշառքը ոչ թե պահանջում է կամ շորթում զբաղեցրած պաշտոնի ուժով, այլ այլք՝ օլիգարխները կամ պետական չինովնիկները տարբեր աճպարարություններով նրանց գայթակղում են կաշառք ստանալու եւ առնում քվեն (ընտրողը քվեարկում է նրանց ցուցումով): Հիշյալ գործողությունները ինքնին ուղղված են քաղաքացու ընտրելու իրավունքի ազատ արտահայտման իրականացմանը եւ ըստ էության առաջացնում են ոչ թե կաշառք ստանալը, այլ ընտրողին կաշառելը հանցակազմը (տՏՊՍցտ): Նման պարագայում ընտրողին ոչ թե պետք է ենթարկել քրեական պատասխանատվության կամ խրախուսելու պայմանով ազատել, այլ ճանաչել որպես տուժող, քանզի խախտվել է նրա սահմանադրական իրավունքը: Միանգամայն այլ բան է, երբ նյութական խրախուսանքը տրվում է ընտրական հանձնաժողովի պաշտոնատար անձին: Նման պարագայում պաշտոնատար անձի արարքը դիտվում է կաշառք ստանալ: Հիշյալ վտանգավոր եւ տարածված հանցանքը խափանելու համար, ինչպես նշել ենք, ընտրողին կաշառելու նորմը, ինչը 2003թ. նախագահական ընտրություններից առաջ ապաքրեականացվել է եւ պայմաններ ստեղծվել ընտրողներին ապահով կաշառելու համար, անհրաժեշտ է քրեականացնել եւ ամրագրել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասում: Այս օրենսդրական փոփոխությունները պետք է կատարվեր մինչ նախագահական ընտրությունների անցկացումը, մինչդեռ ռեժիմը դեմ է եւ իր սեւ գործը շարունակելու է:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոսկվա, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728