Լրահոս
Օրվա լրահոսը

Պետություն, որի ստեղծման համար պայքարել ենք՝ իր նախորդի պայքարը մեր դեմ շարունակում է

Փետրվար 15,2013 13:44

Ըստ Ազատ Արշակյանի՝ այսօրվա պետությունը նույնիսկ խորհրդային կարգերի համեմատ ավելի խիստ է

Իրավապաշտպան, իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Ուսումնասիրության համար, ի թիվս այլ նյութերի, անհրաժեշտ են այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները: Դրանք ձեռք բերելու նպատակով դեռեւս 2011թ. նոյեմբերին Վ. Հարությունյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն: Սակայն ԱԱԾ-ն իր գրությամբ, հղում կատարելով Արխիվային գործի մասին օրենքի 21 եւ Տեղեկատվության մասին օրենքի 8 հոդվածներին՝ մերժել է: Մերժման ակնհայտ անհիմն լինելը վիճարկել չցանկանալով՝ Վ. Հարությունյանը խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում՝ նրանց առաջին կարգի ժառանգներից հավաքել է դիմումներ, որոնցում այդ մարդիկ նշում են, որ դեմ չեն, որպեսզի դատավճիռները տրամադրվեն Վ. Հարությունյանին։ Սակայն ԱԱԾ-ն կրկին մերժել է. այս անգամ մերժման համար որպես հիմք նշվել է Արխիվային գործի մասին օրենքի 22 հոդվածը:

«Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դատապարտյալի դատավճիռ պետք է տրվի դատապարտյալին: Այլ կերպ լինել չի կարող: Սակայն խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները բանտարկյալներին աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատեւ հացադուլների արդյունքում: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցյալ են: Այն երկիրը, որ մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար, այլեւս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն, հին ժամանակների ոգուն համաձայն, շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները: Անգամ խորհրդային ժամանակներում հայտարարվում էր, որ այդ դատավճիռները հրապարակվում են բաց դատավարությունների արդյունքում: Այսինքն՝ այդ դատավճիռներն իրենց հրապարակման պահից արդեն հանրության սեփականությունն են, դրանցից որեւէ մեկը փակ դատավարության արդյունք չէ, եւ դրանք, անգամ խորհրդային չափանիշներով, որեւէ տեսակի գաղտնիք համարվել չեն կարող: Դրանք մեզ են վերաբերում, կայացվել են մեր նկատմամբ, եւ մենք իրավունք ունենք պահանջելու եւ ստանալու մեր դատավճիռները»,- փետրվարի 8-ին տարածած հայտարարության մեջ նշել են Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Ազատ Արշակյանը, Շահեն Հարությունյանը, Վալտեր Մելիքյանը, Բագրատ Շահվերդյանը, Գագիկ Առաքելյանը, Նորիկ Մարտիրոսյանը, Սուրեն Մելիքյանը, Վարդան Հարությունյանը:

«Առավոտ»-ի հետ զրույցում Վարդան Հարությունյանը կարծիք հայտնեց, որ մերժումներն անհիմն են, թեկուզ նշված օրենքների շրջանակներում։ «Ես չգիտեմ, թե ինչպես է Միջին Ասիայում, Ուզբեկստանում եւ Ադրբեջանում, բայց քիչ թե շատ նորմալ երկրներում, ինչպիսիք են՝ Վրաստանը, Ուկրաինան, Մերձբալթյան երկրները՝ որեւէ խնդիր չի ծագել, մարդիկ մշտապես կարողացել են ծանոթանալ իրենց դեմ հարուցված քրեական գործերին, կարողացել են ստանալ իրենց դատավճիռները, որովհետեւ նրանք բոլորն արդարացված են՝ ինչպես նաեւ մենք։ Մեզ արդարացրել են, մինչդեռ այսօրվա ԱԱԾ-ն, չգիտես ինչու, շարունակում է հավատարիմ մնալ խորհրդային բարքերին նույնիսկ խորհրդային տարիներին անօրինական համարվող բարքերին, եւ մերժում են»:

Ո՞րն է արդեն գոյություն չունեցող երկրի դատարանների որոշումները այդպես հմտորեն պահելու տրամաբանությունը՝ հարցրինք պարոն Հարությունյանին. «Սա հավատարմություն է գոյություն չունեցող պետությանը։ Դրանք մեր դատավճիռներն են, դրանք կայացվել են մեր նկատմամբ, դիմում ենք՝ դրանք ստանալու համար։ Այստեղ առավելապես տեսնում եմ միտում, չարակամություն: Ինչ-որ մեկը, ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա չի ցանկանում դա անել»:

Հայտարարության հեղինակները հիմա փորձում են մամուլի աջակցությամբ հարցը բարձրացնել, հավանաբար կփորձեն նոր միջնորդություններով հանդես գալ: Վ. Հարությունյանը նշեց, որ դիմել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանին, նրա գրասենյակն է արդեն զբաղվում նշյալ խնդրով։ «1994-95թթ., երբ ԱԱԾ-ն ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը՝ որեւէ խնդիր չենք ունեցել, դիմել ենք, թույլ են տվել ծանոթանալ հենց ԱԱԾ-ում խորհրդային տարիների քաղբանտարկյալների քրեական գործերին, ուղղակի այն ժամանակ այդ դատավճիռների կարիքը չի եղել վերցնելու, եթե այն ժամանակ դիմեի՝ կստանայի»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Ազատ Արշակյանը նկատեց. «Ինչո՞ւ եք գաղտնի պահում, չեմ հասկանում, մանավանդ՝ այդ դատավճիռների տիրոջից, դա անհեթեթություն է: Ինչ-որ մեկը չար կատակ է արել ՀՀ-ի համբավի հետ: Բաց դատավարությամբ կայացված դատավճիռը գաղտնի պահել, չհանձնել տիրոջը, կարծում եմ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է»:

Ա. Արշակյանը դիտարկեց նաեւ հարցի մյուս կողմը՝ մարդիկ հնարավոր է՝ ցանկություն ունենան բողոքարկելու այդ վճիռները։ «Իմ գործի մեջ կա մի դրվագ, որը բողոքարկման ենթակա է։ Պետությունը ինձանից առգրավել է 3000 ռուբլի՝ դատական ծախսերի եւ քաղաքացիական հայցի դիմաց, հետո պարզվել է, որ թյուրիմացություն է: Հիմա ես ուզում եմ հետ վերցնել 3000 ռուբլին, իսկ ֆինանսների նախարարությունն ինձ առաջարկում է 13 դրամ։ Բա ինչպե՞ս դատի չտամ… Ինձանից խլված իմ երկու սենյականոց բնակարանը խլվել է այդ 3000 ռուբլու դիմաց, ու հիմա ինձ առաջարկում են 13 դրամ փոխհատուցում»։ Ա. Արշակյանը նշեց, որ արդարադատության նախարարությունը չի տալիս դատավճիռը, որպեսզի նա դատ սկսի ֆինանսների նախարարության դեմ: Մինչդեռ՝ փաստ է, որ Ա. Արշակյանը ունի իր դատավճիռը, որը ստացել է դեռ խորհրդային տարիներին, բայց հիմա փաստորեն անկախ Հայաստանի իշխանությունը չի տալիս այդ դատավճիռները։ «Ես պատճեններն եմ ուղարկել արդարադատության նախարարություն, այնուհետեւ մի ամիս հետո դիմում եմ գրել, որպեսզի տան իմ դատավճիռների պատճենը։ Բայց նրանք պատասխանում են՝ չունենք։ Ես թակարդ եմ սարքել. տվել եմ, որպեսզի չկարողանան ասել՝ չունենք, բայց ասում են՝ չունենք»:

Պարոն Արշակյանը հավելեց նաեւ. «Մենք անպաշտպան ենք: Պետություն, որի ստեղծման համար պայքարել ենք՝ իր նախորդի պայքարը մեր դեմ շարունակում է, մենք դեռեւս նրա թշնամին ենք։ Սա ավելի խստասիրտ պետություն է, խորհրդայինը խիստ էր, դաժան էր, իսկ այսօրվանը նույնիսկ այն ժամանակվա կարգերի համեմատ ավելի խիստ է, որովհետեւ նրա տված փաստաթուղթը հետ է վերցրել ու չի տալիս»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728