Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողներից շատերը բավական գումար չունեն անհրաժեշտ դեղորայք գնելու համար». Ուռուցքաբան (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 13:28

Ամբողջ աշխարհում տարեկան 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով: Ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից:

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 մանկական քաղցկեղի դեպք: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի հավաստմամբ` Հայաստանում քաղցկեղից լիովին բուժված երեխաները ամբողջ հիվանդների 65%-ն են կազմում:

Ի տարբերություն մեծահասակների` մանուկների մոտ քաղցկեղի առաջացման պատճառները մեծամասամբ անհայտ են:

«Ամենահաճախ հանդիպվողն արյան քաղցկեղն է` լեյկեմիան, որը չարորակ ուռուցքների մոտ մեկ քառորդն է կազմում, երկրորդ ամենահաճախ հանդիպվող տեսակը ավշային համակարգի ախտահարումներն են, երրորդ տեղում` ինչքան էլ զարմանալի հնչի, գլխուղեղի կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում, խոսելով մանկական քաղցկեղի հիվանդացության դեպքերի մասին, նշեց մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարը:

Ըստ մասնագետի` մանուկների մոտ քաղցկեղով հիվանդանալը  մեծապես կարող է կախված լինել մանկան մոր ապրելակերպի հետ: Նրա խոսքով.«Հղի կինը պիտի չծխի, ալկոհոլ չօգատործի, պիտի խուսափի ճառագայթումից»:

Գ. Բադալյանի խոսքով` մանուկների մոտ քաղցկեղը ավելի հեշտ է բուժել, քան մեծահասակների մոտ, քանի որ մանուկների մոտ ավելի արդյունավետ է կատարվում քիմիաթերապիան:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք ներկայում կա՞ն խնդիրներ արտասահմանից ներմուծվող եւ Հայաստանում դեռեւս չգրանցված թանկարժեք դեղերի ներմուծման հարցում, ուռուցքաբանը պատասխանեց.

«Այդ խնդիրները կան: Շատ անգամ կարիք կա այն դեղերի, որոնք Հայաստանում չկան»:

Իսկ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տատանյանն ավելացրեց.

«Վերջին մեկ տարվա ընթացքում այս դաշտն արդեն կանոնակարգվել է: Գրեթե բոլոր դեղագործական ընկերությունները արդեն գրանցել են այդ թանկարժեք դեղերը: Հարցը նրանում է, թե արդյոք այդ դեղերը հիվանդի հարազատները կկարողանա՞ն ձեռք բերել: Այդ դեղերի մեջ կան այնպիսիները, որոնք, ցավոք, ոչ բոլորն են կարող ձեռք բերել: Այդ թանկարժեք դեղորայքը մենք ստանում ենք նաեւ հումանիտար ճանապարհով: Տարբեր կազմակերպություններ` գուցե քիչ քանակով, տրամադրում են այդ դեղորայքը»:

Բանախոսների կարծիքով` իրենց կենտրոնի` տարեկան 200 հիվանդ ունենալը ոչ թե վկայում է, որ հիվանդացության աճ կա, այլ` որ ավելի արդյունավետ է դարձել բուժումը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728