Ավարտվում է քարոզարշավի վերջին շաբաթը: Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել են միջազգային և տեղական կազմակերպություններ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ: Տեղական կազմակերպություններից են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (81 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (36 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (77 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (1066 դիտորդ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (285 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (65), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» (15), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67), Հայաստանի Հելսինկյան կոմիտե (103) հասարակական կազմակերպությունները:
Aravot.am-ի հետ զրույցում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ամփոփեցին գրանցված արդյունքները: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք մահացածների, հասցեափոխության և այլ տվյալներ տրամադրել են անձնագրային բաժին, նրանք մահացածերին արագ մաքրել են: Բայց երկրից բացակայողների մասին հարցը մնում է անհայտ: Ա. Գևորգյանը մանրամասնեց. «Դիմում եմ գրել ԿԸՀ, պարոն Մուկուչյանը պատասխանեց, որ այդ վայրերում, որտեղ հասցեափոխություն է եղել, անձնագրային սեղանը լրացուցիչ ցուցակ պիտի տրամադրի այն մասին, թե որ հասցեն, որի հետ է փոփոխվել, որ ընտրողները խնդիր չունենան»: Քարոզարշավի անցկացման մասին խոսելիս էլ մեր զրուցակիցն անդրադարձավ Ս. Սարգսյանի քարոզարշավին ու մանրամասնեց. «Հրավիրատոմսերով էր նախագահի հետ հանդիպումը, միայն հրավիրատոմսով էին մտնում: Նույնիսկ մեր համակարգողը, որ հրավիրատոմս ուներ, նրան չէին թողել լուսանկարչական սարքով ներս մտնել, քանի որ հավատարմագրված չէր: Ամբողջ ռեսուրսը օգտագործվում էր, որ նախագահին դիմավորեին: Էլ ոստիաններ, էլ ճանապարհներն էին փակվել: Կարծում եմ՝ դա ճիշտ չէ: Կամ հանդիպում հրավիրատոմսով լինի, բա ամոթ չի՞»:
Ա. Գևորգյանը վստահեցրեց, որ ընտրակաշառք իրենց մոտ դեռ չի բաժանվել ու հավելեց. «Նույնիսկ մարդիկ կան, որ սպասում են ու շփոթված և անորոշ վիճակում են հայտնվել: Դրա կարիքը չի լինի, իրենք վստահ են հաղթանակի մեջ: Ամբողջը հիմնված է մարդկանց բացատրական աշխատանքի վրա»:
«Ունիսոն » ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ նշեց, որ ընտրատեղամասերի մեծամասնությունը անմատչելի է ընտրողների համար ու շարունակեց. «Դիտարկված 464 տեղամասից 35-ը լրիվ մատչելի են, 42-ը գրեթե մատչելի են, մնացածը՝ անմատչելի են: Խուլ ընտրողների իրավունքներն էլի անտեսված են, քանի որ քարոզարշավը սուրդոթարգմանությամբ չի զուգորդվում: ԿԸՀ-ն բոլոր իր տեսահոլովակները սուրդոթարգմանությամբ է արել, իսկ թեկնածուները՝ ոչ: Հարց է, թե արդյոք կույրերի համար կլինեն հատուկ կաղապարներ, վատ տեսնողների համար պիտի բոլոր տեղամասերում ոսպնյակ լինի, արդյոք կլինեն, թե՝ ոչ: 10 տարի առաջ ենք մատչելիությունը հետազոտել, այն ժամանակ ամբողջ Երևանում կար 10 մատչելի տեղամաս, հիմա 34-ը. առաջխաղացում կա, բայց չափից ավելի դանդաղ: Տրանսպորտային միջոցներ ընդհանրապես գոյություն չունեն, հարց է. թե ինչպես պետք է հաշմանդամություն ունեցող մարդիկ հասնեն ընտրատեղամաս»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վաճառական ազգեր, ցեղեր, իհարկե կան, բայց ազգ, որ ամեն ինչն է վաճառում, երկրորդը չի գտնվի;