Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության օրը

Փետրվար 15,2013 13:43

Գրեթե չորս ամսից ավելի չէի եղել «Տրիումֆ» սրճարանում, քանի որ խելքս-միտքս «Անդին» ամսագիրն էր, եւ երբ երեկ երեկոյան հին կարոտների ճանապարհով գնացի այնտեղ՝ ուրախությամբ նկատեցի, որ սրճարանի մշտական հաճախորդ, իմ բազմաթիվ մտավոր ընկերները կարոտել են ինձ: Հրաշալի է, որ ընկերը կարոտում է ընկերոջը, բայց ողջագուրվելուց հետո ես նստեցի իմ սեղանին՝ դեմքով դեպի այգին, եւ դարձյալ տեսա ինձ ծանոթ ծառերը: Վերահաս գարնանամուտի մեջ նրանք կանգնած էին մեկուսի եւ կարծես ամեն մեկն առանձին էր մտածում: Տպավորություն ունեցա, որ ինչ-որ մեկը նրանց բան է խոստացել. ասել է՝ սպասեք կգամ, եւ ծառերը սպասում էին՝ իրենցից վերեւ պահած թռչունների դեռեւս դատարկ բները…

Եվ նայելով մեկուսի կանգնած ծառերին՝ մտածում էի, որ կյանքս այնպես ընթացավ, որ ես իմ չունեցածով կամ ունեցածով, այսինքն թե՝ խոսքով եւ ոչ միայն խոսքով, այլեւ իմ ունեցած-չունեցածով փորձեցի պահել պահպանել ժամանակների իշխանությունների կողմից երես չտված մտավորական իմ ընկերներին, հընթացս օգնեցի բոլորին՝ նույնիսկ չունենալով այդ օգնության հնարավորությունը, ու մոռացա ինձ եւ իմ սիրելիներին…

Եվ հիմա իմ սրճարանամեկուսի պահի մեջ լսում եմ վերջին մեկ ամսվա նախընտրական մամուլահեռուստաաղմուկը, ուր շարունակ ասացին, խոսեցին, խոստացան… Հիմա լավ չեմ հիշում՝ տասը, թե հարյուր օրում փոխել, վերափոխել կամ հեղափոխել ամեն բան: Այնինչ ես պահպանողական եմ, ինչպես գարնանը սպասող ծառերը, եւ չեմ սիրում հեղափոխություն: Քանզի մարդու ճանապարհը, երկրի ճանապարհը բարեփոխություններն են, որն Աստծո ցուցադրած բարեհարդար ուղին է: Եվ չի կարելի փոխել պետության կերպը հանուն սեփական շահի եւ շահախնդրության:

Եվ բոլոր խոսողները սեր էին խոստանում հայրենիքի, աղքատների, զրկվածների, օտարություն հեռացածների հանդեպ, որոնք ըստ իրենց խոստումի՝ արագ պիտի հարստանային, եւ սեր էին խոստանում նաեւ հարուստների հանդեպ, որոնք անհասկանալի բանաձեւով պիտի արագ աղքատանային: Եվ այդպիսի սերը, երբ դառնում է քաղաքական սովորույթ, ափսոս, ներեցեք ինձ, չափազանց հաճախ նաեւ սննդարար, մենք էլ չենք զգում, որ մի օր այն դառնում է հոգս եւ ունեւորի եւ չունեւորի համար՝ չնշելով ոչ մի ցանկալի հանգրվան:

Կա պարզ նաեւ մեկ բան, այսօր Հայաստանում աղքատներից, կիսաաղքատներից մինչեւ հարուստներ՝ վատ, լավ, սեփականության տեր են, մեկը՝ շատ-շատ, մյուսը՝ կիսաշատ, երրորդը՝ այնքանով-որքանով: Այնինչ, սեփականատերը պետության ամենաամուր հիմքն է, եւ ըստ մերօրյա երկիր-կյանքի՝ հենց սեփականատերն է պետության խաղաղության եւ անվտանգության տերը: Իսկ ես իմ կյանքում շատ եմ տեսել մարդկանց, որոնք նախանձել են ուրիշի ունեցվածքին եւ, ջղային զրույց-ցանկություններով հավերժ բողոքական, ուզեցել են հասնել իշխանական թախտին, բայց մի՞թե իշխանությունը փող է, եթե մենք պետություն ենք: Շատ եմ տեսել նաեւ իշխանավորների, ովքեր ժպիտի պաստառները դեմքերին, ինձ հիշեցրել են մի տարաշխարհիկ ուտելիք, եթե չեմ սխալվում՝ անունը զեֆիր է՝ ուտելիք, որը քաղցր է եւ շոկոլադապատ, բայց զարմանալիորեն մեջը փուչ, այսինքն թե՝ դատարկ: Եվ հիշելով այսօր իմ այդ չսիրած ուտելիքը՝ մտածում եմ մեր նախագահական քարոզարշավի մասնակիցներից շատերի մասին, ովքեր ինձ հիշեցնում են այդ տարաշխարհիկ ուտելիքը… Մտածում էի եւ նայում այգու ծառերին, որոնք լուռ էին ու մեկուսի ամեն մեկը իր համար, եւ հիշեցի, որ երկու օր հետո՝ նախագահական ընտրությունից առաջ, լռության օրն է: Եվ մենք ազգովի, ինչպես ծառերն են սպասում գարնան խոստումին, գնանք եւ ընտրենք մարդուն՝ ով խոստանում է ու իր խոստումը կատարում, խոստում, որն արդեն փորձված է կյանքով:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նման դեպքերում, ինձ մի հարց է հուզում,՝ տվյալ անձնավորությունը ի՞նչ բնական, արբանյակային,
    միստիկական, ջերմային, սննդի կամ այլ ազդեցության պատճառով է դարձել այդպիսին:

  2. Maxim says:

    Հաղթեց էժանը,
    Հաղթեց խուժանը,
    Հասավ մուրազին,
    Գրող մերուժանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728