Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահափորձերի պատմությունից

Փետրվար 15,2013 13:15

Հայաստանում աղմկահարույց, քաղաքականության հետ այսպես թե այնպես կապ ունեցող հանցագործությունները մշտապես անվստահության եւ կասկածանքի մթնոլորտ են ստեղծում: Մենք չգիտենք, թե ովքեր են կանգնած «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների հետեւում, ոչ ոք չի պատժվել «Մարտի 1-ի» սպանությունների համար՝ չնայած աշխարհիս երեսին չկա մարդ, որը չգիտի, թե ով է կազմակերպել այդ սպանդը: Հայտնի չէ, թե ով է սպանել գնդապետ Վահրամ Խորխոռունուն, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին, հարկայինի պետ Շահեն Հովասափյանին, մենք կասկածներ ունենք, որ ճիշտ են գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության պաշտոնական վարկածները:

Հատկապես մահափորձերի նկատմամբ ստեղծվում է այնպիսի մշուշ, որ իրավիճակը դառնում է նույնիսկ փոքր-ինչ զավեշտալի: Օրինակ՝ պաշտոնապես հայտարարվել էր, որ Սմբատ Այվազյանն ուզում է սպանել Արտաշես Գեղամյանին, բայց հետո, հավանաբար, հետ է կանգնել այդ մտքից՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ազգանպաստ ելույթներ է պարոն Գեղամյանը ունեցել ԵԽԽՎ-ում: Նույնքան պաշտոնապես հայտնվում էր, որ ոմն Կծան Միշա պատրաստվում էր սպանել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, իսկ պատվիրատուն նախկին նախարար Էդվարդ Մադաթյանն էր («Խուճուճ Էդոն»): Սակայն հետագայում այդ անձնավորությունը ընկերացավ եւ բարեկամացավ ներկայիս պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհերի») հետ, հիմա հանգիստ գալիս-գնում է Հայաստան, եւ այդ մեղադրանքը նրան, կարծես թե, ոչ ոք չի հիշեցնում:

Մոտավորապես նույն պատմությունն է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նախագահի այդ թեկնածուն սկզբում վստահություն հայտնեց, որ ահաբեկչությունն իրականացրել են չեկիստները եւ ռուսական իմպերիալիզմը, սակայն հետագայում չպնդեց այդ վարկածը: Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սեդրակյանը, կարծում է, որ իշխանությունը կասկածում է իրեն՝ չնայած նախաքննության մարմինն այդ կապակցությամբ ձայն չի հանում: Իսկ ինքը՝ էպոսագետը, կասկածում է մասոններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորութամբ: Թե ինչո՞ւ պետք է չեկիստները, իմպերիալիստները, էպոսագետը կամ մասոնները ցանկանային վնաս տալ Պարույր Հայրիկյանին կամ խափանեին ընտրությունների բնականոն ընթացքը՝ ոչ ոք չի կարող ասել: Այս մահափորձի մասին հայտնի է միայն հետեւյալը. ահաբեկիչ եւ թմրամոլ «կաֆելչիկը» (որի զոքանչը, ի դեպ, նույնպես կասկածում է էպոսագետին) Հայրիկյանի վրա մահափորձից հետո եկել էր տուն եւ ասել կնոջը՝ «Ահա այն նագանը, որից ես կրակել եմ Հայրիկյանի վրա, պահիր այն, խնդրեմ, ձավարեղենի տուփի մեջ, պետք կգա հաջորդ հանցագործությունների համար»: Բայց երբ աչալուրջ չեկիստները (ոչ թե Հայրիկյանի նշած իմպերիալիստական չեկիստները, այլ մերոնք՝ անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները) գնացին «կաֆելչիկի» տուն եւ հարցրեցին՝ «Տիկին, հնարավո՞ր է, որ դուք այստեղ մի նագան ունենաք, եւ արդոք դա այն նագանը չէ՞, որով մահափորձ էին կատարել նախագահի թեկնածուի դեմ», կինը, բնականաբար, գնաց խոհանոց եւ ներկայացրեց հանցագործության գործիքը: Այնպես որ՝ ակնհայտ է, որ այդ մահափորձն ամբողջությամբ կբացահայտվի, եւ հասարակությունը ոչ մի կասկած չի ունենա, որ պաշտոնական վարկածը մեկը մեկին համապատասխանում է իրականությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. David says:

    Վամպիրիզմը հոգեկան հիվանդություն է;Վամպիրները արյամբ են սնվում;Նրանք խարտոցած եղունգներ են ունենում և տղամարդու տաբատ;Դեմք չունենալու պատճառով էլ սև դիմակներ են ունենում;Սև իրենց կերած կաթի նման, ուղեղի նման, ծնված վիժվածքի պես;

  2. Maxim says:

    Իրոք, հոդվածը գրված է գեղեցիկ հումորով: Սա այն դեպքն է, որտեղ ասվում է,՝ շատ ծիծաղելի
    կլիներ, եթե վիճակը այսքան ողբերգական չլիներ: Միևնույնն է՝, հումորը մնում է հումոր: Փորձում
    ես ամեն ինչին թեթև նայել:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Ասում եք այդ մահափորձն ամբողջությամբ կբացահայտվի, եւ հասարակությունը ոչ մի կասկած չի՞ ունենա: Եղբայր, երևի տելեվիզոր չեք նայում. այդ մահափորձն ամբողջությամբ արդեն բացահայտված է. եվրոպացի քիլերներից մեկի զոքանչն է բացահայտել, և այնպիսի արագությամբ, որ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգախոսն արդեն կորցրել է իր արդիականությունը՝ դրանից բխող և վաղուց սպասված հետևանքներով…

  4. Հազարապետ says:

    Սուրբ գրային մեջբերում, հենց ասեն խաղաղություն և ապահովություն է այդ ժամանակ մի անգամից աշխարհի վերջը գալու է:

  5. Ruben says:

    ԱԻՄ-ական կուսակցական վերնախավը անտարբեր գտնվեց Մովսես Գորգիսեանի սպանությունը պարզաբանելու հարցում, ՀՀՇ-ական կուսակցական վերնախավը՝ Վիտյա Այվազյանի, Գեղազնիկ Միքայելյանի եւ Համբարձում Գալստյանի, Ղարաբաղի կուսակցական վերնախավը ՝ անկուսակցական Արթուր Մկրտչյանի, Հայաստանի ԱԱԾ-ական «թասիբով չեկիստները» ՝ Մ. Յուզբաշյանի, Հ. Հարությունյանի (RNV 967, №ЕК-32009)…
    Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության պաշտոնական վարկածները լղոզված ստեր են: Այդ ստերի գլխավոր պատասխանատուներից մեկը Սերժիկ Սարգսյանն է:
    Հանցագործները մեռնեն-թաղվեն, թե կենդանության օրոք, համոզված եմ, կստանան իրենց հասնելիք պատիժը:

  6. Piruza says:

    Ոչ մի կերպ չհասկացա, թե ինչու է Սերժ Սարգսյանը պատասխանատու Լևոն Տեր-Պետրոսյանի իրականացրած սպանությունների համար?

    • Ruben says:

      Եթե դուք գտնում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանցագործ է (ես համամիտ եմ), ապա ինչու՞ չեն դատում: Ինչու՞ է Ս. Սարգսյանը հանդուրժում է հանցագործությունը եւ պետբյուջեի հաշվին ապորինի ապահովում է հանցագործի թագավորական ապրուստը: Դա հանցագործությու՞ն չէ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728