Հատվածներ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հարցազրույցից:
– Ձեր կարծիքով՝ նախագահական այս և նախորդ ընտրությունների ընտրարշավային փուլերը տարբե՞ր էին։
– Նախ՝ շնորհավորում եմ բոլորիս՝ ընտրարշավի ավարտի առիթով։ Կարծում եմ՝ բոլորը համոզվեցին, որ մեզանում հավակնությունների պակաս չկա. մարդիկ, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում և իրենց կյանքում որևէ օգտակար քայլ չեն արել մեր պետության ու ժողովրդի համար, հանկարծ կարող են իրենց երևակայել ՀՀ նախագահի թեկնածու։
– Շատ կտրուկ չե՞ք Ձեր գնահատականներում։
Կարդացեք նաև
– Բնականաբար, խոսքը նախագահի բոլոր թեկնածուներին չի վերաբերում, սակայն նախագահի որոշ, այսպես կոչված, թեկնածուների ի հայտ գալը վստահաբար մեկ խնդիր ուներ՝ վարկաբեկել գործընթացը։ «Կասկածելի ծագման» որոշ թեկնածուների բոլոր քայլերում ակնհայտ էր լրջության պակասը, նրանք գործնականում ոչ ասելիք ունեին, ոչ անելիք, ինչը և փայլուն ապացուցեցին՝ նույնիսկ նախընտրական ծրագիր չկազմելով ու հանդիպումներ չունենալով։ Դա փորձ էր անլրջացնելու համապետական ընտրությունները։ Ամեն պատահական թեկնածու իրեն իրավունք չպիտի վերապահի հավակնելու ՀՀ նախագահի պաշտոնին։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ թեկնածու գրանցված պատվեր կատարողներն ընդամենը խամաճիկ էին որոշակի քաղաքական խմբի, որոշակի քաղաքական գործչի կամ «աբիժնիկի» ձեռքին։ Դիմակներն արագ բացվեցին, և պարզ երևաց՝ ով ով է, ով ումով է։ Բայց կան սահմաններ, որ չի կարելի անցնել, երբ խոսքը երկրին է վերաբերում, ոմանք դա չհասկացան և արժանին ստացան։
– Հետընտրական քաղաքական դաշտում փոփոխությունների իր հայտը ներկայացրեց Լևոն Տեր–Պետրոսյանը՝ հայտարարելով, որ ՀԱԿ–ը վերածվում է կուսակցության։ Դա ընդդիմադիր դաշտում նորից առաջնորդ դառնալո՞ւ հայտ է, թե՞ հերթական ձախողված փորձն է դառնալու։
– Ընդդիմադիր դաշտ, որպես այդպիսին, այսօր ես չեմ տեսնում։ Այդ դաշտի բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները ցաքուցրիվ են եղել, և այսօր, դասական իմաստով, ընդդիմադիր դաշտ չունենք։ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մտադրությունը փրփուրներից կառչելով փրկվելու փորձ է։ Եթե այդ կուսակցությունը ստեղծվի, ընդամենը մեկ խնդիր է լուծվելու՝ մի քանիսը ապահովվելու են հասարակական գործունեության երաշխիքով։ Ոչ ավելին։
– Դա՞ է այսօրվա կենսական խնդիրը։
– ՀԱԿ-ի համար՝ կարծես, այո։ Թեպետ այդ քայլը բնավ ազնիվ չէ այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր դեռ չեն հեռացել ՀԱԿ-ից, և, քաղաքական արժանապատվությունը պահպանելով՝ «գեղեցիկ չեն համարում» խորտակվող նավից հեռանալը։
– Դա արժանապատվությո՞ւն է, թե՞ մենակ նավարկության անկարողություն, որ կանխում է ՀԱԿ–ի իսպառ կազմաքանդումը։
– Հիմա էլ ես եմ ուզում հարցնել՝ շատ կտրուկ չե՞ք Ձեր գնահատումներում։ Ի վերջո, ՀԱԿ-ը վաղուց է կազմաքանդվել։ Քաղաքագիտական հաշվարկներով ու խորհրդարանական ընտրություններից շատ առաջ։ Բոլորիս աչքի առաջ, ու ամենալավը դա իմացել են հենց ՀԱԿ-ում։ ՀԱԿ-ը վաղուց գոյություն չունի, և այդ կառույցի ներսում ու շուրջբոլորը տեղի ունեցող գործընթացները քաղաքականության իմիտացիաներ են։ ՀԱԿ-ի բրենդը քաղաքական դաշտում պահելու փորձը ոչ մի տեղ չի տանելու՝ դաշտում ևս մեկ կուսակցության հավելումը զրոյական ազդեցություն է ունենալու։ Շատ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ՀԱԿ-ի դեռ անդամ կուսակցությունների նկատմամբ։ Այդ կուսակցությունների ղեկավարների արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը դա է վկայում։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»
Ամոթ է Մարգարիտ, ամոթ: Այստեղ է ասված՝ գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր: Սենց արեցիր էլի, որ խիարը թարս բուսնեց…