Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանը խոստովանում է, որ լեգիտիմ չէ

Փետրվար 15,2013 12:26

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ թեկնածուն գնալով կորցնում է իրականության զգացողությունը։ Հերթական սենսացիոն հայտարարությունը նա արել է Գեղարքունիքի մարզում՝ ասելով, որ եթե քաղաքացին չմասնակցի նախագահի ընտրություններին, ապա «ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ, խմբակային ու անձնական շահի։ Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը։ Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր ոլատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել»։

Այո՛, այո՛։ Միանգամայն ճիշտ հասկացաք, այս խոսքերի հեղինակն անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե որեւէ ընդդիմադիր գործիչ։ Ու նա միանգամայն ճիշտ է իր հայտարարություններում, երբ բաց տեքստով խոստովանում է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել այդ խոսքերի հետ։ Միայն թե, այսքանից հետո հետաքրքիր է՝ իսկ ովքե՞ր տարիներ շարունակ հաշվի չեն առել քաղաքացու ձայնը, ովքե՞ր են խլել նրանց ապագան։ Ս. Սարգսյանն այս հարցի պատասխանը չի տալիս։ Իսկ թե ինչու, դժվար չէ կռահել։

Հիշենք անցյալը կամ պարզ թվաբանություն

Ընտրությունները կեղծելու նպատակը մեկն է՝ ապահովել կուսակցության կամ թեկնածուի հաղթանակը։ 2003թ. ԱԺ ընտրություններում առաջին տեղում էր ՀՀԿ-ն, որը ստացել էր 23 տոկոս ձայն։ 2007թ. ԱԺ ընտրություններում առաջին տեղում կրկին ՀՀԿ-ն էր, որը ստացել էր 33.9 տոկոս ձայն։ 2012թ. ԱԺ ընտրություններում առաջին հորիզոնականը կրկին ՀՀԿ-ն է զբաղեցնում՝ այս անգամ արդեն ստանալով 44.1 տոկոս ձայն։ Ասել է թե՝ վերջին 10 տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներում ամենամեծ թվով ձայներ ստացել է ՀՀԿ-ն։ 1998 եւ 2003թ. նախագահի ընտրություններում հաղթող է ճանաչվել իշխանության թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանը, 2008թ. ընտրություններում էլ՝ Սերժ Աարգսյանը։

Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե «տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը», ենթադրվում է՝ նկատի ունի վերոնշյալներին։ Ասել է թե՝ հանդես է գալիս ինքնախոստովանությամբ՝ բաց տեքստով հայտարարելով որ ե՛ւ ինքը, ե՛ւ ներկայիս խորհրդարանը լեգիտիմ չեն։

Ընդ որում, Ս. Սարգսյանի այս խոսքերը պետք է շատ լուրջ ընդունել, որովհետեւ նման ինքնախոստովանությամբ հանդես է գալիս մի անձնավորություն, որը, 1993թ. սկսած, ՀՀ-ում զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ լինելով պաշտպանության, հետո՝ ներքին գործերի, հետո՝ ազգային անվտանգության նախարար, նաեւ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ վարչապետ, իսկ վերջին 5 տարում էլ Սարգսյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Ասել է թե՝ նա ի պաշտոնե մանրամասն կերպով տիրապետում է ողջ ինֆորմացիային, գիտի իրականացված ընտրակեղծիքների մասին։

Տրամաբանությունը հուշում է, որ եթե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ լեգիտիմ է հայտարարում ե՛ւ իրեն, ե՛ւ ԱԺ-ն, ապա անհապաղ պետք է ձեռնամուխ լինի «սխալների ուղղմանը», նախ պետք է ցրի խորհրդարանը, այնուհետեւ ինքն էլ հրաժարական ներկայացնի։

«Ժողովուրդ»-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խնդրեց մեկնաբանել Ս. Սարգսյանի հայտարարությունները՝ հարցնելով, թե ով հաշվի չի առել ժողովրդի քվեն, ով է ժողովրդից խլել ապագան։ «Կարեւորն առաջ նայելն է, ու չի կարելի թույլ տալ, որ ձայնը որեւէ մեկը խլի»,- նշեց նա։ Ըստ Շարմազանովի. «ՀՀԿ-ն ու պարոն Սարգսյանը ո՛չ որեւէ մեկից ձայն է խլել, ո՛չ էլ որեւէ մեկին ձայն է տվել»։

Արտակ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728