Այսօր «Դեբատ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով քարոզարշավին ասաց, որ երեք հիմնական գործոններ կառանձնացնի. «Առաջինը հավատի պակասն է ընտրական գործընթացների նկատմամբ, երկրորդը` որը չափազանց մեծ ազդեցություն ունի, վախի մթնոլորտն է, ինչն էլ ստեղծվել է իշխանությունների կողմից ու վերջին տարիներին դրա հետ փափուկ ձեւով ենք առնչվում, եւ այն ուժգնացավ Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո, եւ երրորդ գործոնը` փետրվարի մեկից դրսեւորված փոխադարձ մեղադրանքներն են; Բավականին երկար ժամանակ ականատես էինք լինում Պարույր Հայրիկյանի դեպքի հետ կապված տարբեր վարկածների, եւ հիմա բանը հասել է չափազանց զավեշտալի մի հանգրվանի` մեղադրանքների»: Սաֆարյանի փոխանցմամբ` վերջին շաբաթվա մթնոլորտը տհաճ է ու վտանգավոր. «Նման մթնոլորտում որտեղ խորացվել է անվստահությունը ընտրությունների նկատմամբ` եւ կա անմաքուր մթնոլորտ, ընտրությունները չեն կարող մաքուր եւ ազատ լինել»:
«Ոչ իշխանական թեկնածուներին հաջողվեց փարատել ընտրությունները նախապես կանխորոշված են ասվածը»,-հավելեց Սաֆարյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ