ՀՀ նախագահի թեկնածուն ընտրության չի գնա
Այդպես էլ ընտրությունների օրինականությունը չապահովվեց եւ ես ասել եմ, որ չեմ ճանաչի այս «ընտրությունները» անգամ այն պարագայում, եթե ընտրողների քվեներով, պաշտոնական արդունքներով, հաղթած լինեմ ես: Այսօր «Փիփլմետր» մամուլի ակումբում ամփոփելով նախընտրական քարոզարշավն, ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Ինքը քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ տարօրինակ կլինի, եթե դա կեղծ գործընթաց համարելով, գնա ընտրության: Թեկնածուն ասաց նաեւ որ իր ընտրողերին առաջարկում է անպայման մասնակցել ընտրություններին, քվեարկել իր անվան դիմաց` քվեարկությունը վերածելով ընդդեմ կեղծարարութան համազգային բողոքի: «Սա կարծես լավագույն դեպքն է այն մարդկանց համար, ովքեր հասկանում են, որ ընտրություններին գնալն անմաստ է քանի որ դրանք կեղծվելու են, չգնալով էլ`չեն կարող իրենց քաղաքական դիրքորոշումը բարձրաձայն արտահայտել: Քվեաթերթիկ փչացնելն արդյունավետ չի կարող լինել, որովհետեւ դա պասիվ, անանուն, անհասցէ մոտեցում է»:
Հիշեցնենք, որ նման կոչերով հանդես են գալիս ՀԱԿ-ից եւ ՀՅԴ-ից: Մելիքյանը գտնում է, որ դա կօգնի ընտրակեղծարարներին`մասնակցություն ապահովելու իմաստով: Լրագրողներից մեկի դիտարկմանը`ընտրողի համար վիրավորական չէ՞ տնից վեր կենալ, գնալ ընտրության, որի արդյունքները չեն ճանաչվելու, Մելիքյանը հակադարձեց. «Ընտրողի համար ամենավիրավորականն այն է, որ իր քվեն կեղծվում է»:
Կարդացեք նաև
Թեկնածուի շտաբը որեւէ տեղամասում ընտրությունների ընթացքը չի դիտարկելու, վստահված անձինք չի ունենալու:
Այս ընթացում հիմնական ուշագրավ բանն, ըստ նրա, այն էր, որ երեկ հրապարակած սոցիոլոգիական հարցումների համաձայն, այս ընտրություններին ընտրողների մասնակցության ակտիվությունը հասնելու է 56 տոկոսի. «Սա շատ ուշագրավ է, քանի որ այսօր ՀՀ-ում ընտրողնրի 50 տոկոսն է ներկա, նրանցից էլ 56-ն է մասնակցելու. Դա, լավագույն դեպքում կազմում է 800-850 հազար մարդ: Այդ առումով, մեր սոցիոլոգներին հատուկ շնորհակալություն պետք է հայտնել, քանի որ էական ճշգրտում էր, որը ցույց է տալիս, որ մեր նախկին պահանջներն արդար են»:
Ամեն դեպքում, թեկնածուն գտնում է, որ եթե անգամ այս ամենը միտված է ապահովելու ընտրությունների մասնակիցների թիվը 1 միլիոն 300 հազարի, սա կստացվի անհամեմատ ավելի ցածր թիվ`խորհրդարանական ընտրությունների մասնակցության համեմատ ու ցույց է տալիս նաեւ այդ ընտրությունների կեղծված լինելը:
«Սա պետք է լուրջ մտահոգություն պատճառի գործադիր իշխանությանը եւ պետք է հիմք դառնա ներկայիս խորհրդարանը ցրելու համար, որը նաեւ լավ առիթ կլինի խորհրդարանը մաքրել գործարար պատգամավորներից: Ժամանակն է բիզնեսն ու քաղաքականությունն իրարից տարանջատել»,-ասաց բանախոսը:
Ամեն դեպքում, ըստ թեկնածուի, ամսի18-ից հետո ունենալու ենք քաղաքական նոր իրավիճակ, ոը հանգեցնելու է երկրի ներսում լուրջ փոփոխությունների: Դրական, թե բացասական կլինեն զարգացումները եւ փոփոխությունները` կախված է ներկայիս թեկնածուների եւ ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի կեցվածքից: Թեկնածուները մինչեւ հիմա հստակ չեն ասել`ընդունո՞ւմ են այս ընտրությունները, թե՞ ոչ: Մելիքյանի համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, որ դե յուրե ընտրություններ չկան, ուստի ինչո՞ւ է գնում դե-ֆակտո ընտրությունների: «Իրավիճակն այնպիսին է, որ ամսի 18-ը ջրբաժան է լինելու եղած եւ ձեւավորվելիք քաղաքական իրավիճակների»,-վստահ է Մելիքյանը, այլապես կարծում է, որ թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի, թե ՀՅԴ-ի գործը կբարդանա: Վաղը թեկնածուի շտաբը կտարածի իր վերլուծությունը`ՀՀ-ից բացակայող ընտրողների վերաբերյալ, որի համար օգտագործվել են եւ պաշտոնական, եւ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ