Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սարգսյանը, հավանաբար, կստանա քվեների 60-70 տոկոսը»

Փետրվար 15,2013 12:10

Stratfor կենտրոնը հրապարակել է փետրվարի 18-ի ընտրությունների մասին վերլուծություն, ըստ որի` արդյունքը «չի հանգեցնի էական փոփոխությունների»։

Ընտրությունները տեղի են ունենում Հարավային Կովկասի համար «ռազմավարական կարեւոր տեղաշարժի ժամանակաշրջանում»։ Ըստ Stratfor-ի վերլուծաբանների, ռուս – վրացական հարաբերություններում հիմա «ձնհալ» է, Հայաստանը օգուտ կքաղի տարածաշրջանի տնտեսական ինտեգրման գործընթացից, ինչը թույլ կտա նվազեցնել մեկուսացվածության աստիճանը։

Ի տարբերություն հարեւան Ադրբեջանի եւ ավտորիտար այլ երկրների, Հայաստանում, ըստ վերլուծաբանների, ընտրությունները սովորաբար շատ մրցակցային են լինում. 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով, որովհետեւ առաջինում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելին։

Սերժ Սարգսյանի հաղթանակով ավարտված 2008-ի ընտրություններն ուղեկցվել են բողոքի ակցիաներով եւ արյունալի բախումներով, զովել է տասը մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վնասվածք են ստացել։

Սակայն այս ընտրությունները, ըստ Stratfor-ի, հավանաբար չեն լինի մրցակցային, քանի որ նախկին երկու նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել են առաջադրվել, իսկ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն ի զորու չէ լուրջ մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին։

Նվազել է նաեւ լայնածավալ բռնությունների եւ անկայունության վտանգը։

«Սարգսյանը դյուրին հաղթանակ կտանի եւ, հավանաբար, կստանա քվեների 60-70 տոկոսը», – նշել են Stratfor-ի փորձագետները։

Նրանք համոզմամբ, արտաքին քաղաքականության ասպարեզում էլ էական փոփոխություններ չեն լինի` անկախ այն բանից, թե ով կհաղթի, քանի որ թեկնածուները հայ – ռուսական սերտ կապերի կողմնակից են։

Մոսկվան է Հայաստանին էներգակիրներ, օգնություն եւ ներդրումներ տրամադրող հիմնական աղբյուրը, Ռուսաստանի տնօրինման տակ են ռազմավարական այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հայաստանի երկաթուղին, հեռահաղորդակցության համակարգը, գազատարը։

Ավելին, Ռուսաստանը 5 հազար զինծառայող է տեղակայել Հայաստանում եւ հանդիսանում է երկրի անվտանգության ապահովման երաշխավորը։

Այնուամենայնիվ, Հայաստանի սահմաններից դուրս են տեղի ունենում կարեւոր փոփոխություններ։ Տարիներ շարունակ Հայաստանն էր Ռուսաստանի հենակետը Հարավային Կովկասում, սակայն Բիձինա Իվանիշվիլիի վարչապետության օրոք Վրաստանը սկսում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ադրբեջանը եւ Թուրքիան, թերեւս, դժգոն են այդ տեղաշարժից, մինչդեռ Հայաստանը միանշանակ գոհ է, որովհետեւ բարելավման արդյունքում կարող է Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծով վերականգնել ուղիղ կապը Ռուսաստանի հետ, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը։

Stratfor-ի փորձագետների կարծիքով, Երեւանում կողջունեն տարածաշրջանում ռուսամետ եւս մեկ երկրի հայտնությունը, քանի որ դա խթան կլինի Հայաստանի քաղաքական եւ տնտեսական դիրքերի համար։

Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728