Հատվածներ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցազրույցից:
– Մենք այսօր ունենք հացադուլավոր թեկնածու: Այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա մեր ընտրությունների որակական գնահատականի վրա:
– Ընտրությունների ոչ մրցակցային լինելն արդեն իսկ ազդեցություն թողել է նրա որակական բնույթի վրա: Իսկ ինչ վերաբերում է հացադուլավոր թեկնածուին, ապա ես չեմ կարծում, որ նրա ակցիան ստացել է հասարակական լայն հնչեղություն, որպեսզի էական ազդեցություն ունենա հասարակական-քաղաքական դաշտի վրա:
– Պարոն Բոզոյան, ո՞րն է այս զավեշտալի, եթե տվյալ բառով կոչեմ, ընտրությունների հիմքը, աղբյուրը, մի խոսքով` բուն պատճառը:
Կարդացեք նաև
– Բավականին խորքային պատճառներ կան: Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չի աշխատում ընտրական համակարգը: Մեր երկրում այն խաթարվել է: Եվ վստահությունը, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար, տարեցտարի նվազում է հասարակության մոտ: Փաստորեն ընտրական ինստիտուտի վարկանիշը յուրաքանչյուր տարվա հետ անկում է ապրել: Այս ամենի հետևանքով թուլանում է հասարակության հավատը, ակտիվ մարդիկ էլ հեռանում են երկրից: Իսկ, հակադարձ էլ այս ամենի, առավել ուժեղանում է պետական ապարատի «աշխատանքը»: Այս գործոններն իրար հետ համադրելով, ստանում ենք նման տխուր արդյունք:
– Իսկ ինչպիսի՞ զարգացումների եք սպասում մինչև ընտրությունների օրը: Որովհետև շատ թեկնածուներ կրկին անակնկալներ են կանխատեսում:
– Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում, թե այլևս ի՞նչ անակնկալներ կարող են լինել թատերական ներկայացման ժամանակ: Իսկ ինչպիսին էլ լինեն դրանք, էական ազդեցություն չեն կարող թողնել: Պարզապես ընտրություններից հետո մենք շատ մտորելու բան պետք է ունենանք. հասարակական-քաղաքական շրջանակները լրջորեն պետք է մտահոգվեն, թե ինչպե՞ս փոխեն իրավիճակը, որ այսուհետ նման ընտրություններ չանցկացնենք: Սա հարց է, որի պատասխանն այսօր դեռևս ոչ ոք չգիտի:
– Հենց սկզբից սկսվեց ու ընթացավ «անլուրջ» ընտրարշավ: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այն էլ ավելի խորացրեց ժողովրդի անկումային տրամադրությունները: Եվ, ընդհանրապես, առավել նվազեց հավատը ընտրական ինստիտուտի նկատմամբ:
– Միանշանակ: Եթե դուք ընտրությունները կազմակերպում ու անցկացնում եք թատերական ներկայացման նման մի բան որպես, ապա այն չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել հասարակական գիտակցության վրա:
– Կանխատեսու՞մ եք` ինչպիսի՞ն կլինի միջազգային դիտորդների ու կազմակերպությունների գնահատականը:
– Միջազգային դիտորդները միշտ էլ ֆորմալ գնահատական են տվել: Ըստ էության նրանք ունեն իրենց որոշակի դիրքորոշումն ԱՊՀ տարածքում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Եվ կարծում եմ այդ գնահատականները էական ազդեցություն չեն թողնի մեր հասարակության վրա, որովհետև դրանց ծանոթ ենք մեր բոլոր ընտրություններից հետո, երբ ստացել ենք հերթական ստանդարտ գնահատականը: Եվ չեմ կարծում, որ այս անգամ այդ գնահատականներն էապես կոփվեն: Այլ խնդիր է, որ նրանք ունեն, ասենք, յուրահատուկ վերաբերմունք Բելառուսի նկատմամբ: Իսկ ԱՊՀ բոլոր երկրների համար նրանց գնահատականները ստանդարտ են:
– Եվ եթե ամփոփելու լինենք մեր խոսակցությունը` ճի՞շտ վարվեցին մեր ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը, որ չմասնակցեցին այս ընտրություններին:
– Այստեղ ճիշտ ու սխալի խնդիրը չէր: Ի վերջո նրանց մոտ պետք է լիներ գիտակցությունն այն բանի, որ պետական ապարատին հակակշռելու համար հարկ է ստեղծել միասնական նոր մի մեքենա: Եվ նրանք դա պետք է անեին: Նկատի ունեմ Հայ ազգային կոնգրես դաշինքը, Բարգավաճ Հայաստան և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները: Քանզի Հայաստանում առկա պայքարը գաղափարների պայքար չէ: Պայքարը պետք է ընթանա հասնելու այն բանին, որպեսզի ո՛չ թե վարչական մեքենան, այլ դոմինանտային դերակատարություն ունենան քաղաքական ուժերը: Օրինակ, նույն Վրաստանում Իվանիշվիլին ևս համախմբեց տարբեր տիպի մարդկանց, նրա թիմում կան գաղափարական այլևայլ հոսանքների ներկայացուցիչներ: Քանզի գիտակցեցին, որ ցավոք սրտի, այսօր հետխորհրդային երկրներում գաղափարական պայքար չէ, որ ընթանում է, այլ ընթանում է պայքար, թե ով պետք է իշխի` քաղաքականությունը, թե վարչական մեքենան: Եվ սա` նորից եմ կրկնում, ցավոք սրտի:
Եվ հիմա, փաստորեն, այս գիտակցությանը տուրք չտվեցին ընդդիմադիր մեր ուժերը: Բայց և ամեն մի ուժ էլ իր հերթին տեսավ ու հասկացավ, որ եթե իրենք առանձին-առանձին են մասնակցում ընտրություններին, պարտությունն անխուսափելի է: Որովհետև անհնար է, որ պետական մեքենայի հետ մրցի ու հաղթի որևէ կուսակցական ուժ, որն էլ այն լինի` ՀԱԿ-ը, Բարգավաճ Հայաստանը, թե ՀՅԴ-ն: Եվ եթե դու չես կարող մրցակցել պետական մեքենայի հետ, հաղթանակի հնարավորություն չունես, նշանակում է ընտրություններին մասնակցելով ընդամենը մասնակցում ես տիկնիկային թատրոնի: Իսկ այս ուժերն այնքան խելոք գտնվեցին, որպեսզի չմասնակցեին:
– Եվ կրկին չկարողացան հաղթահարել իրենց քաղաքական, կուսակցական կամ մարդկային «ես»-ը, ու ստացվեց ներկա իրավիճակը:
– Ցավոք, այդպես է:
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Հայացք»