Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մամուլն այս ընտրություններում անհամեմատ ավելի ազատ է. «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության ղեկավար

Փետրվար 15,2013 11:39

Նախագահական ընտրությունների նախաշեմին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը բացառիկ հարցազրույցների շարք իրականացրեց՝ հյուրընկալելով նախագահի գրեթե բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Օրեր առաջ էլ նրա հյուրն էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: 

Հ. Թամրազյանը բավականին սուր հարցադրումներ հղեց նրանցից յուրաքանչյուրին և վստահաբար կարելի է ասել, որ հանրությունն այդ հարցազրույցների միջոցով լսեց այն, ինչ մինչ այսօր չէր լսել:

Որպես տարիների փորձ ունեցող լրագրողի՝ «Առաջին լրատվական»ը պարոն Թամրազյանին խնդրեց համեմատել լրատվամիջոցների գործունեությունն այս և 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավը լուսաբանելու բնագավառում:

Հրայր Թամրազյանը կարծիք հայտնեց, որ մամուլը հիմա անհամեմատ ավելի ազատ է, և բնավ կապ չունի, թե այդ ազատությունն ինչով է պայմանավորված. «Լրատվական դաշտը շատ ավելի ազատ է, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր, հավանաբար լրատվամիջոցներն այնքան չեն ուղղորդվում, որքան նախորդում։ Շատ ավելի ազատ է համացանցը:

Եթե հիշում եք, նախորդ ընտրությունների ժամանակ, քարոզարշավն, իհարկե, հեռարձակվում էր, բայց խմբագրական հստակ քաղաքականություն կար, քննադատվում էր ընդդիմության լիդերը, ցուցադրվում էին հրապարակի դատարկ ցույցեր, ինչն իրականում այդպես չէր: Հիմա, բարեբախտաբար, նման բան չկա»:

Մանրամասնելով իր միտքը՝ Հրայր Թամրազյանը նշեց, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդեց մի շրջան, երբ արտակարգ իրավիճակ էր, և լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, գործունեությունը սահմանափակվում էր. «Մեր հեռարձակումները դադարեցվեցին և միայն 20 օր հետո վերահեռարձակվեցին։ Այդ ժամանակ, անշուշտ, դժվար էր՝ նկատի ունենալով այն քաղաքական առճակատումը, որը տեղի ունեցավ։ Հիմա նման բան գոյություն չունի:

Հարցին, թե ինչն է մամուլի ազատության պատճառը, հնարավո՞ր է, որ սա միայն դեմոկրատական երկիր ներկայացնելու ֆոն է, Հրայր Թամրազյանը պատասխանեց. «Անկախ ամեն ինչից՝ ազատ է, եթե ես փաստ չունեմ ասելու, թե ինչու է ազատ՝ չեմ կարող նշել։ Անկախ ամեն ինչից՝ ազատ է, բնավ կարևոր չէ, թե ինչու, իսկ թե հետո ինչ կլինի՝ ոչ ոք չգիտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728