Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս ընտրություններում Սերժ Սարգսյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե սովորական՝ ընտրակեղծիքներով լի վիճելի վերարտադրություն, այլ աննախադեպ, համոզիչ եւ անվիճարկելի հաղթանակ։ Դեռեւս քարոզարշավի մեկնարկից առաջ եվրոպական դիտորդական առաքելության ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ այս ընտրություններում հանրությունը բավարար հետաքրքրություն չի ցուցաբերում, քանի որ բացակայում է իրական մրցակցային ընտրապայքարի հեռանկարը։ Դա նշանակում էր, որ Սերժ Սարգսյանի համար համոզիչ հաղթանակի ապահովումը կարող էր որոշակիորեն վտանգված լինել, ուստի անհրաժեշտ էր բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով հանրության մոտ բարձրացնել հետաքրքրությունը ընտրական գործընթացի նկատմամբ եւ հասնել մրցակցայնության առավելագույնս հավաստի իմիտացիայի։
Եվ ահա տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, որը եթե անգամ կանխավ մշակված օպերացիա չէր, ամեն դեպքում իշխանության համար չափազանց ցանկալի հնարավորություն էր՝ հանրային հետաքրքրությունը խթանելու համար։ Ինչից էլ, բնականաբար, ավելի քան հարյուր տոկոսով օգտվեցին իշխանական քարոզարշավի կազմակերպիչները։ Ընդ որում, նկատենք, որ Հայրիկյանի եւ քաղաքական մյուս դերակատարների կողմից այս գործընթացը անհնարինության աստիճան անլրջացնելուց հետո այսօր արդեն բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն հայտարարությունը, թե ինքը վստահ չէ, որ կատարվածը մահափորձ էր։
Ինչեւէ։ Կրկնենք՝ անկախ այն փաստից, թե մահափորձի հետեւում որ ուժերն են կանգնած (կարծում ենք, դժվար թե որեւէ մեկը մտածի, որ ձերբակալված անձինք դա իրագործել են ինքնուրույն), այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանությունները մտադիր են մինչեւ վերջ խաղարկել հայրիկյանադայի այս տրագիկոմեդիան՝ այն կիրառելով որպես քաղաքական մահակ ոչ միայն ընտրությունների ընթացքում, այլեւ հետընտրական շրջանում։
Եվ եթե ի սկզբանե շատերի համար անհասկանալի էր, թե որն է իրեն էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանի՝ այս ընտրապայքարում ներդրվելու իմաստը, ապա հիմա արդեն կարծես թե տեսանելի է դառնում, թե որն է այս տրագիկոմեդիայում նրա դերակատարությունը։ Փաստորեն, եթե Հայրիկյանին վերապահված էր Սերժ Սարգսյանի բառապաշարով ասած՝ Ռուսաստանին խփելու դերը՝ ԿԳԲ– ի եւ ռուսական իմպերիալիզմի մասին հայտարարություններով, Սեդրակյանին էլ հրահանգված է խփել Արեւմուտքին՝ կատարվածի մեջ մասոններին մեղադրելու պնդումներով։ Այսքանից հետո թող որեւէ մեկը ասի, որ այսպիսի ընդարձակ աշխարհաքաղաքական ընդգրկում ունեցող գործընթացում մրցակցություն չկա, եւ այն հետաքրքիր չէ հանրության համար։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»