Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղեգնաձորցին՝ Բագրատյանին. «Փողոց սրբելով՝ մարդը կբերի արյան փո՞ղ կմուծի» (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 11:06

Հրանտ Բագրատյանը խոստացավ նախագահ դառնալու դեպքում հիվանդանոցներին վազեցնել հիվանդների հետեւից

«Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Պետությունն ինձ տալիս է 26 հազար դրամ աշխատանքի թոշակ: Ես չեմ կարում քայլեմ՝ ոչ ոտ ունեմ, ոչ թեւ: Խոշորացույցը դնես՝ չես կարա մի հատ տեղ գտնես, որ վիրահատած չլինի: Հույս ունեմ մենակ Աստծուց»,- Եղեգնաձորում այսպես նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին դիմեց բնակիչներից մեկը՝ Անահիտ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ «Փողոց եմ մաքրում, աշխատավարձ եմ ստանում, լրիվ տանում եմ արյուն եմ առնում: Ամեն ամիս իմ արյունը փոխում են: Խրոնիկական սեպսիս ունեմ: Ես հավատում եմ Աստծուն, որ ինձ կյանք է տվել, ապրել եմ մինչեւ այսօր էլ: Ամիս չի լինում, որ չվիրահատվեմ: Արյունը փոխում՝ աշխատում եմ: Բա մեր նախագահը չի՞ ասում, ավելի լավ ա անցնեմ թուրքի սահմանը, քան հիվանդանոցը: Գոնե մի հատ անվճար սիստեմա ստանամ: Էնքան թանկ է էդ արյունը: Գնում եմ՝ սրան-նրան խնդրելով, մարզպետարանում խնդրելով, որ կարողանամ մի բան անել: Մարդ են, էլի: Ոտս գցում եմ, էս ոտս դնում եմ, որ բորդյուրից բարձրացնեմ՝ ավել անեմ: Փողոց սրբելով՝ մարդը կբերի արյան փո՞ղ կմուծի: Էդ ճշմարտությո՞ւն ա»:

Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մայրիկ, եթե դուք ասում եք, որ ձեր հիվանդությունը սեպսիս է, ես կարող եմ միանգամից ձեզ ասել, որ դա պետպատվերի հիվանդություն է»:

«Ախր տալիս չեն, այ ցավդ տանեմ»,- ասաց եղեգնաձորցին:

Հրանտ Բագրատյանը ներկայացրեց, թե ինչ է ինքն անելու փետրվարի 18-ից հետո, որ նման խնդիրներ քաղաքացիները չունենան. «Փողը տալու եմ ոչ թե հիվանդանոցներին, այլ՝ հիվանդներին: Այդ դեպքում հիվանդանոցները կվազեն քո հետեւից, ոչ թե դու՝ հիվանդանոցների հետեւից: Այս պահին ձեր խնդիրը լուծել չեմ կարող, որովհետեւ ես նախագահ չեմ: Բայց այս պահին կարող եմ ասել ձեզ, որ փետրվարի 18-ից հետո մեր ընտրած համակարգի շնորհիվ այն հիվանդությունները, որոնք բուժվում են պետության հաշվին, դրանց ֆինանսավորումը տալու ենք ոչ թե հիվանդանոցներին, այլ հիվանդներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728