Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Սերժ Սարգսյանին փոխանցեք մեր շտաբի համարը, թող զանգեն»

Փետրվար 15,2013 10:48

Հատվածներ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:

 – Կարծիքներ կան, թե երկրում տիրող վիճակը քաղաքացիներին բացատրում եք նեղ մասնագիտական տերմինաբանությամբ, եւ այդ լուրջ թվաբանությունը բարդ է ու անմատչելի ժողովրդին, Ձեր ասելիքը չի հասկացվում։ Ծագո՞ւմ են նման խնդիրներ։

– Նման բաները վերեւից է ասվում, նույնիսկ ասում են՝ շատ խելոք բաներ է ասում Բագրատյանը, այսինքն, քիչ է մնում ասեն՝ արի բթամիտ բաներ ասա, որ ավելի մեծ վարկանիշ չունենաս։ Իրականում այդպես չի, բոլորն էլ հասկանում են ծրագրերը եւ վիճակը, բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Քանի որ ճար չկա, տեսնում են, որ Բագրատյանը տրամաբանական, ռացիոնալ բաներ է ասում, հիմա էլ ասում են՝ շատ ռացիոնալ է ու խելոք, որն իր թերությունն է։ Դա արդեն չեղավ։

Պարոն Բագրատյան, կարծիքներ կան, որ ժողովուրդը Ձեզ ասոցացնում է 90-ականների մութ ու ցուրտ, վատ տարիների հետ, բացի այդ, Ձեզ մեղադրում են սեփականաշնորհման գործընթացների մեջ եւ այլն, ինչը խանգարում է ավելի մեծ թվով քվեներ ստանալուն…

– Ոչ, սուտ են ասում, ես եղել եմ լույսի վարչապետը։ Մութ ու ցուրտը 91 –92-ին էր, ես եմ լուծել, 32-33 տարեկանում, հանրապետությունում 24-ժամյա հոսանք մատակարարելու խնդիրը։ Առաջին անգամ՝ Արցախում, երկրորդը՝ Հայաստանում։ Չեմ ասում, թե մենակ լուծեցի, բայց իմ կառավարությունը լուծեց։ Իսկ սեփականաշնորհումը բոլորը գովում են, ասում են՝ պարոն Բագրատյան, Ձեզանից հող ստացանք։ Ձեզանից մենք ստացանք վաուչերներ, փայ, որոնք հետագայում մեր ձեռքից խլել են։ Մարդկանց մոտ ես ունեմ բարի, չթալանած, չգրպանած մարդու իմիջ, այսպիսի մարդիկ, բարեբախտաբար այն ժամանակ՝ մեր օրոք, շատ կային։

Պարոն Բագրատյան, ինչո՞ւ չիրականացավ իշխանության դեմ մեկ միասնական թեկնածուով հանդես գալու իդեան, ի՞նչն էր խանգարում Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միավորմանը։

– Մենք երեքով թուղթ էինք ստորագրել, ես պիտի հասկանայի՝ նրանք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ երկուսն էլ այս կամ այն առիթով հայտարարել են՝ կշնորհավորեն Սերժ Սարգսյանին։ Գիտեք, ինքնանպատակ չի չշնորհավորելը, եթե մեկը կարող է հաղթել, թող շնորհավորեն, իրենց գործն է, բայց չէ՞ որ այդ թղթով ես մտցրել էի այն կետը ցուցակների վերաբերյալ (խոսքը ընտրացուցակները նախապես հրապարակելու մասին է): Այդ հասարակ խնդրանքն իշխանությունները չհարգեցին։ Մենք երեքով քննարկում էինք, որ եթե այս կետը չհարգվի, սա նշանակում է, որ բացառված են մաքուր, արդար ընտրությունները։ Հիմա, երբ իմ գործընկերները հայտարարում են միասնական թեկնածուի մասին, ես սկսում եմ կասկածել։ Իմ իրավունքն է կասկածելը, ես չեմ ասում, թե իրենք սխալ են։ Իմ իրավունքն է կասկածելը, որ միասնական թեկնածուի գաղափարը գալիս է վերեւից, որպեսզի Բագրատյանն ի վերջո թեկնածությունը հանի, որպեսզի տակը մնան նրանք, ովքեր վաղը ինչ տոկոս էլ ստանան, կշնորհավորեն։

Ձեր գնահատմամբ, Հայրիկյանի նկատմամբ մահափորձն  ի՞նչ հետք թողեց 2013 թվականի ընտրությունների վրա։

– Դա մեզ շեղեց, եւ ով որ դա կազմակերպել էր, նրա մոտ    դա մեծ հաջողությամբ ստացվեց։

Պարոն Բագրատյան, նախօրեին Սերժ Սարգսյանը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ստվերի վերաբերյալ ասաց, թե այն տնտեսության բաղկացուցիչ մաս է, եւ ողջ խնդիրը ստվերի մենաշնորհն է, անհավասարաչափ բաշխվածությունը։ Այդպե՞ս է։

– Ոչ, այդպես չէ, տնտեսության բաղկացուցիչ մասը պիտի լինի տնտեսությունը։   Իրականում Հայաստանի համար իր ասածը ճիշտ է, որովհետեւ ստվերն ավելին է, քան տնտեսությունը։       Տնտեսության ավելի օրինաչափ    հատվածը ստվերն է, ոչ օրինաչափը, պատահական հատվածը՝ ոչ ստվերը, իրական տնտեսությունը։ Սա ցավալի է, որովհետեւ ստվերը մեր երկրում 51 տոկոս է կազմում, իսկ իրականում պետք է լինի առավելագույնը մինչեւ 10 տոկոս։ Եվ չեմ կարծում, որ երկրի ղեկավարն այդպիսի հայտարարություններ   անելու  իրավունք ունի։

Ավելին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հարյուր տոկսով չի կարողանում   ստվերում   գործող մարդկանց անուններն ասել,  եթե իրենց տեղն իմանար, մեկ շաբաթում կգային հարկային դաշտ։ Կարո՞ղ էր երկրի ղեկավարը դա չիմանալ։

– Սերժ Սարգսյանին փոխանցեք մեր շտաբի համարը, թող զանգեն, ես մեծ հաճույքով կասեմ, թե ստվերը որտեղ է։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728