Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ նախընտրական ընթացքը

Փետրվար 15,2013 10:36

Չնայած Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հետ չհամաձայնված բազմաթիվ նախկին ՀԱԿ-ականներ են ՀԱԿ-ական այլոց կողմից դավաճաններ ու ականներ հորջորջվում, շատերս ենք հիշում, որ անցյալ տարի Ազատության հրապարակում հրապարակ նետված քաղաքագիտական վերլուծությունն իսկապես սառը ցնցուղ էր շատ ու շատ արմատականների և իրական հեղափոխականների համար:

Այդուհանդերձ, փորձենք վերանալ հեղափոխականության ու հակահեղափոխականության տրամադրություններից և փորձենք հասկանալ այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Համաձայնվեք, որ դա ավելի կարևոր է, քան` այս օրերին ընթացող նախընտրական իրադարձությունները, որոնց արդյունքը կանխորոշվեց դեռևս անցյալ տարի, ավելի ճշգրիտ` անցած աշուն:

Նախ Ծառուկյանը հրաժարվեց ՀՀ նախագահի պաշտոնի համար մրցապայքարից, այնուհետև` Տեր-Պետրոսյանը: Եթե տվյալ հրաժարումները կապիտուլյացիոն շեշտադրումներ չպարունակեին, գուցեև մենք էլ հավատայինք, որ տվյալ հրաժարումներով լուրջ բոյկոտի սկիզբ է ազդարարվում:

Ինչքան էլ որոշ ընդդիմադիրներ ջանում են քաղաքական լուրջ բոյկոտի տպավորություն առաջացնել, էդպիսի տպավորություն ու պատկեր չի առաջանում, որովհետև երկու կարևորագույն թեկնածուների կապիտուլյացիոն հայտարարությունները բոյկոտի տարր անգամ չեն պարունակել, և եթե նույնիսկ պարունակեին էլ, դրանով ընդամենը իշխանական կուսակցության և իշխանական թեկնածուի ծախսերն էին ավելացնելու` ընտրողներին տներից քարշ տալու ու ընտրատեղամասեր հասցնելու հետ կապված:

Այնպես որ, այս պահին ընտրությունների բոյկոտը շատ ավելի բարդ գործ է, քան նույնիսկ` էդ նույն ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հաղթանակը, եթե, իհարկե, էդ թեկնածուն առաջադրվեր ու դառնար միասնական: Բայց քանի որ դա էլ պակաս անհավանական չէր, միասնական թեկնածուի հավակնորդներն օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը` միանգամայն իրավացիորեն ընկրկեցին:

Այնուհետև: Նախագահական ընտրություններում քաղաքական լուրջ բոյկոտի պատրանք կարող էր ստեղծվել այն դեպքում, եթե երկրորդ տեղի հիմնական հավակնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը միասնաբար դուրս գային ընտրապայքարից: Բայց մեր էպոսագետը կվկայի, որ էս ասածս առասպելի ու էպոսի ժանրից է:

Ընտրությունների բոյկոտը կարող էր որոշակի տպավորություն առաջացնել նաև այն դեպքում, եթե արմատական ու գործող ընդդիմությանը հաջողվեր նախընտրական շրջանում շուրջ հարյուր հազար ժողովուրդ հավաքել Ազատության հրապարակում, ընդ որում` հենց բոյկոտի նպատակով: Բայց եթե հաշվի առնենք, որ վաղուց ի վեր Ազատության հրապարակում այդքան ժողովուրդ չի հավաքվել, և եթե հաշվի առնենք նաև ՀԱԿ-ում ընթացող «բյուրեղացումները», և եթե հաշվի առնենք, որ հընթացս նաև ԲՀԿ-ն է «բյուրեղանում», և եթե հաշվի առնենք նաև այս տաքուպաղ ձմռան փոփոխական քմահաճույքները, կհամաձայնվենք, որ այս տարբերակն էլ է առասպելի ժանրից:

Այս ամենով հանդերձ, իշխանական ընտրարշավն սպասվածի չափ հարթ չի ընթանում: Նկատի ունենք Հայրիկյանի մահափորձի հետ կապված հավանական ու անհավանական վարկածներն ու արկածները, ինչպես նաև` հացադուլավորի ու էպոսագետի հետ առնչվող իրադարձությունները, ինչպես նաև` Բագրատյանի շտաբի վրա հարձակումը, որոնք, այնուամենայնիվ, որոշ չափով խաթարեցին ու խաթարում են նախընտրական միօրինակությունն ու միապաղաղությունը:

Այս պայմաններում, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, ամենաարմատական ընդդիմադիրները ևս իրենց հույսերը տեղափոխում են հետընտրական ժամանակներ: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, նրանք ևս իրենց հույսերը կապում են գարնան զարթոնքի հետ: Եվ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, նրանք ևս հասկանում են, որ այս վիճակը հնարավոր չէ անվերջ հանդուրժել:

Սա արդեն` ի գիտություն իշխանությունների և իշխանավորների:

Մրսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728