Պետական մեղադրողը պահանջել էր 8 տարվա ազատազրկում
Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Էդուարդ Քոսակյանին մեղադրանք էր առաջադրվել , որ նա 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված անձանց հետ, որից հետո մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքում գտնվող, Սերյոժա Մեջլումյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-կրպակ եւ հափշտակել տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ:
Բացի այդ, նա մեղադրվում էր այն բանում, որ 2010թ. սեպտեմբերի 17-ին ապօրինի ձեռք է բերել եւ բնակարանում պահել ինքնաձիգի տարբեր տրամաչափի 104 հատ փամփուշտ: Քոսակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խոշոր չափերի գողություն») եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի զինամթերք պահել») եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնություն»):
Նախկինում չդատված Է. Քոսակյանը դատարանում պնդել է, որ ինքը ոսկեղենի գողություն չի կատարել, ոստիկաններն «իր գլխին սարքել են»:
Կարդացեք նաև
Սուտ մատնության հոդվածն էլ նրան առաջադրվել էր այն բանի համար,որ նա ոստիկաններին մեղադրել էր իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Սույն քրեական գործի նախաքննությամբ գողացված 20 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերը չեն հայտնաբերվել:
Դատարանում Է. Քոսակյանը հայտնել է, որ փամփուշտները ինքը գտել է շքամուտքում:
2013թ. փետրվարի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյա նի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Էդուարդ Քոսակյանին արդարացնել եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի զինամթերք պահել») նրան դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման: Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:
Նշենք, որ 2012թ. դեկտեմբերի 4-ի դատական նիստում պետական մեղադրողը՝ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանը պահանջել էր Է. Քոսակյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Դատարանում Է. Քոսակյանի շահերը պաշտպանում է ր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ղալումյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ