Սիսիանում Սյունիքի մարզպետից գոհ չեն
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի մասնակիցների մեկը հանկարծ սկսեց պարոն Բագրատյանի ելույթից հետո բարձր-բարձր բղավել ու կոչ անել մարդկանց, որ պատերի տակ չկանգնեն բողոքեն. «Էսօր եկել ա պահը՝ առա՛ջ գնացեք» :
Aravot.am-ի հետ զրույցում սիսիանցին վստահեցրեց, որ իրեն ճնշում են. «Մեր օլիգարխները մեզ ճնշում են: 66 տարեկան եմ, էսքան տարի ապրում եմ, մի լավ բան չտեսա Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Մի լավ բան չտեսա: Էսքան տարի աշխատել եմ, բա իմ ներդրումը էս Հայաստանի համար, ո՞ւր է իմ կյանքը»: Նա ասաց, որ ընդունում է միայն Հրանտ Բագրատյանի ծրագրերը:
Կարդացեք նաև
Քանի որ Սիսիանում տեղեկություն կար, որ Հրանտ Բագրատյանի այցից կես ժամ առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եղել է Սիսիանում, մենք հետաքրքրվեցինք, թե մարզպետից ճնշումներ կա՞ն, մանավանդ, որ ողջ Սիսիանում մեծ պաստառներով փակցված է, որ սիսիանցիների թեկնածուն Սերժ Սարգսյանն է, Սիսիանն ընտրում է Սերժ Սարգսյանին: Սիսիանցին պատասխանեց. «Ես խորին զզվանք եմ հայտնում մարզպետին»: Մեր հարցին՝ ինչո՞ւ, ի՞նչ է արել, սիսիանցին վստահեցրեց՝ «Որովհետեւ նա մարզպետ չի կարա լինի»:
Մարզպետից բողոքեց նաեւ Սիսիանի մեկ այլ բնակիչ՝ Մարտուն Գեւորգյանը: Նրա խոսքերով՝ «20 տարի աշխատել եմ Պղնձամոլիբդենային կոմբինատում՝ ստորգետնյա աշխատանքում: Բանկում մի 10-20 հազար ռուբլի փող ունեմ: Ապրում եմ թոշակով»: Թե այս ամենի հետ մարզպետն ի՞նչ կապ ունի՝ պապիկը պատասխանեց. «Մարզպետը ճիշտ չի պատասխանում,ասում ա՝ նպաստառուներն են բան անում: Բայց նպաստառուները մարդ կա, որ մաշին ունի, կովն ունի, խանութն ունի՝ նպաստառու են ձեւակերպում: Իսկ իմը…ես ի՞նչ անեմ»:
Մեր հարցին՝ մարզպետը Սիսիանին լավ չի՞ նայում, բնակիչները պատասխանեցին. «Դե որ լավ նայեր՝ խի՞ էինք խոսում: Չի նայում: Մինչեւ ե՞րբ ենք լռելու: Խոսում ես՝ ճնշում են»: Սիսիանցիները վստահեցնում էին, որ իրենց թեկնածուն Հրանտ Բագրատյանն է եւ նրա ելույթներից մարդու «քեֆը գալիս է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ