Թեկնածուն բարձրագույն հարգանք է տածում Հրանտ Բագրատյանի նկատմամբ
Արմաշում Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի անդամները Aravot.am-ի հետ զրույցում պատմում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներն այնտեղ աշխատում են իրենց դեմ, հիշեցնում են, որ Հրանտ Բագրատյանը ՀՀՇ-ի հետ կապ ունի եւ նման բաներ:
Մենք Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ են ընդդիմադիր երկու թեկնածուներն աշխատում իրար դեմ: Նա վստահեցրեց, որ նման բան չկա. «Ես կենտրոնանում եմ փետրվարի 18-ի վրա, եւ ոչ մի նման հայտարարություն, թյուրիմացություն ինձ չի շեղելու՝ ժողովրդի հետ այդ հաղթանակը վաստակելու պարտականությունից: Ես բարձրագույնս գնահատում եմ պարոն Բագրատյանին, իսկ մնացածի մասին չեմ մեկնաբանում: Շտաբի տեսակետը դա լավագույն դեպքում թյուրիմացություն է»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանի՝ Արտաշատի նախընտրական շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանն ասել էր, որ Ներքին Դվին գյուղում պոկել են միայն Հրանտ Բագրատյանի պաստառները՝ թողնելով Րաֆֆի Հովհաննիսյանինն ու Սերժ Սարգսյանինը: Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց. «Մենք ամեն օր գյուղերում, քաղաքում վերականգնում ենք այն պաստառները մեր պաստառներից, որ պոկել են: Եթե դրան որեւէ հղում կա, կապ չունի, որովհետեւ ամենաշատը մեր պաստառներն են պոկում, վնասվում: Մենք միայն բարձրագույն հարգանք ունենք պարոն Բագրատյանի նկատմամբ, եւ ես անձամբ գիտեմ, որ ինքը երկար տարիների ծառայություն ունի մատուցելու Հայաստանի ժողովրդին եւ հայ պետության»:
Նախագահի մյուս թեկնածուն՝ Պարույր Հայրիկյանը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ փաստաթուղթ էր ստորագրել եւ միասնական թեկնածու ունենալու առաջարկ էր արել, հանկարծ Սերժ Սարգսյանին շնորհավորելու մասին հարցին պատասխանել էր. «Ես նարդի խաղալիս էլ՝ ով հաղթում է, շնորհավորում եմ»: Մեր հարցին, այստեղից Ձեզ համար պարզ չէ՞, որ նա իշխանության մարդը կարող է լինել, Րաֆֆի Հովհաննիսյանը դիվանագիտական պատասխան տվեց. «Ես չեմ մտածում դրա մասին: Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին եւ կարծում եմ՝ Հայաստանի ուժը պիտի լինի նրանում, որ ՍԵրժ Սարգսյանը ընդունի ժողովրդի վճիռը եւ ի՛նքը շնորհավորի հաղթողին: Այդ դեպքում այդ մնացած խոսակցությունները կդառնան խիստ տեսական, երկրորդական եւ իրականությունից կտրված: Ոչ թե նախապայման պիտի դնենք մեկս մյուսի նկատմամբ, այլ պիտի ասենք, որ ժողովուրդը հաղթելու է, եւ ժողովրդի հաղթանակը պիտի շնորհավորի յուրաքանչյուր հայ մարդ»:
Մուսալեռում Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանը բարի մարդ է: Ուստի մենք պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ, ի՞նչ դրվագներում է զգացել նախագահի բարությունը: Նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ես իր քննադատն եմ: Ներքին եւ արտաքին հարաբերություններում նա մեծ սխալներ գործել է, մեծ ավանդ ունի նաեւ Արցախյան ազատամարտում: Ես կարծում եմ, որ նա նաեւ լսելու ունակություն ունի, բարոյականության նաեւ նվազագույն պաշար, բայց դա հիմա պիտի ապացուցվի այս առաջիկա 5 օրերի ընթացքում: Իզուր է, որ նա չարի եւ բարու իմ խոսքը իր վրա վերցրեց, բայց երեւի հիմք ունի այդ ինքնաքննադատությամբ եւս զբաղվելու: Ամեն մեկս ունի իր փոքրոգության, իր չարության պաշարը: Ես հաղթահարել եմ իմը, բայց թույլ չեմ տա, որ որեւէ մեկն ինձ ասի, որ իմ արտաքին կամ ներքին քաղաքական ուղեգիծը արկածախնդրություն է, որ ուզում է բաժան-բաժան անել մեր ժողովուրդը, որ հրճվում է մեր երկրի կործանման հեռանկարով: Եթե դա այդպես է, դա ստի եւ կեղծիքի շարունակություն է, եւ չեմ կարծում, որ ինքը նման բան ուզում է ասել: Ես կարծում եմ, որ ինքը նաեւ պարկեշտ մարդ է, եւ այդ պարկեշտությունն ի վերջո կստիպի իրեն ընդունելու ժողովրդի վճիռը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Չէ Րաֆֆի, չէ; Ֆաշիստը, խելագարը, ցինիկը պարկեշտության և բարոյականության մասին այլ պատկերացումներ են ունենում;Մասոնական հողի վրա խելագարվածները ազգային դաշտում ,,ցավազրկող,, են ցանում, քանի որ խիարը, ինչպես տեսնում եք թարս է տնկված;