81-ամյա կլարնետահար, դուդուկահար, երգերի հեղինակ Սեդրակ Հովհաննիսյանը դատի է տվել երգահան Հասմիկ Մանասերյանին: Հովհաննիսյանը պնդում է, որ Մանասերյանը յուրացրել է իր երգերը («Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ» եւ այլն), որոնք արդեն 40 տարի գրանցված են հեղինակային իրավունքների պաշտպանության «Հայհեղինակ» գործակալությունում՝ իբրեւ Մանասերյանի սեփականություն:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, անցյալ տարվա նոյեմբերին մերժել է հեղինակային իրավունքի ճանաչման պահանջի մասին՝ Սեդրակ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Հասմիկ Մանասերյանի:
«Առավոտի» հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Վիկտոր Բաղդագուլյանը պատմեց, որ օպերատոր Սուրիկ Մուրադյանը դեռեւս 1964 թվականին Սեդրակ Հովհաննիսյանին ցույց է տվել աուդիոժապավենի վրա գրանցված 7-8 բանաստեղծություն, որոնց խոսքերով Հովհաննիսյանը երգեր է գրել, ձայնագրել ու տարածել:
Վիկտոր Բաղդագուլյանի ասելով, Սեդրակ Հովհաննիսյանի մասին դրվատանքով են խոսել Արա Գեւորգյանը, Սասուն Պասկեւիչյանը, Մարտին Վարդազարյանը, Սամվել Մուրադյանը, Դավիթ Հովհաննեսը, Ջիվան Գասպարյանը եւ այլք:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելում է, որ այսօր արդեն դատական գործի թեմա դարձած 7-8 վիճահարույց երգերի առաջին կատարողն էլ եղել է Ռազմիկ Գրիգորյանը. «Դրանք մեր երիտասարդ տարիների ամենապոպուլյար երգերն էին: Ուղղակի բանաստեղծությունների հեղինակ Հասմիկ Մանասերյանը, տեսնելով, որ Սեդրակը ձայն չի հանում, 1969 թվականին հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում դրանք ձեւակերպել է իր անունով: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հասմիկ Մանասերյանը գրագող է»:
Հայցվորի շահերի ներկայացուցչի ձեւակերպմամբ, փաստերը խեղաթյուրվել են, հաշվի չի առնվել երգերի առաջին կատարող Ռազմիկ Գրիգորյանի ցուցմունքը, իսկ ճանաչված գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի ցուցմունքն անարժանահավատ է համարվել: «Հիմա մենք Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել ու գնալու ենք մինչեւ վերջ»,- հայտարարեց Վիկտոր Բաղդագուլյանը:
Կապվեցինք նաեւ Հասմիկ Մանասերյանի հետ: «Նա դատը չի շահել, շահելու դատ չի ընդհանրապես, ամոթ է, որ ինքն այդպիսի բան է անում: Ինձ թվում է՝ մեծ մարդ է, խելքը գցել է, արժի՞ նրա խելքին ընկնել»,- հեռախոսով ասաց երգահանը:
Հարցրինք՝ հիմա դրանք Ձե՞ր երգերն են, թե Սեդրակ Հովհաննիսյանի: «Դուք չե՞ք լսել՝ «Ծաղիկներ, ծաղիկներ», «Այն գիշեր դու խոստացար»… ախր աշխարհը երգում է, արտասահմանում Լեւոն Գաթրջյանն է երգել»,- նեղսրտեց տիկին Մանասերյանը:
Իսկ ինչո՞ւ է Սեդրակ Հովհաննիսյանը տարիներ անց որոշել դատի տալ: «Հայհեղինակն» էլ իրեն ասել է, չէ,՞ որ 40 տարի Մանասերյանի անունով են երգերը մեզ մոտ գրանցված, եթե Ձերը լինեին, դուք գրանցած կլինեիք: Ինքը հրատարակել է մի քանի ձայնապնակ, երգարան, ոչ մեկի մեջ էդ երգերը չկան: Ես իր հետ կապ չունեմ, մի քանի անգամ եկել է մեր տուն եւ հաջորդ օրը դատի է տվել ինձ: Գոնե հարազատներին գտեք, տղաներին, որ հորը հասկացնեն՝ պետք չէ էդպիսի բաներ անել»,- ասաց Հասմիկ Մանասերյանը:
Նրա որդին՝ Աշոտ Հովնանյանը, որը զբաղվում է մոր դատական հարցերով, հավելեց. «Էդ խնդիրը ինքն է բարձրացրել, մի 6 ամիս առաջ եկավ մեր տուն, ասաց, որ Հասմիկ Մանասերյանի երգերը շատ է սիրում, հետո տեսավ, որ մայրս համեստ կին է, մտածեց՝ սպասի երգերը ձեռից գողանամ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ