Խոսելով Հայաստանում այսօրվա շախմատային բացառիկ ձեռքբերումների մասին՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (ՀՇՖ) փոխնախագահ Հովիկ Խալիկյանը «Նովոստի» մամուլի ակումբում լրագրողներին պատմեց, թե ինչ պայմաններում էին մեր առաջատարները մարզվում 90-ականների մութ ու ցուրտ տարիներին:
«Միաժամանակ համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն: Այսպիսի ֆենոմենալ արդյունք աշխարհի ամենահզոր գերտերություններն անգամ չունեն ու դեռ երկար ժամանակ չեն ունենա: Իսկ այսօրվա հաջողությունների հիմքը այն դժվար տարիներին դնում էին մեր հավաքականի ամենաերկարակյաց անդամը՝ Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Նրանք ցախը թեւի տակ էին գալիս մարզվելու», – հիշում է Հովիկ Խալիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ