Համացանցում հրապարակված տեղեկությունների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է
2013 թ. փետրվարի 14-ին «Երկիր Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգի արդյունքները, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում կա 99 տարեկանից բարձր 196 ընտրող, 17 հասցե, ուր գրանցված են 100-ից ավելի ընտրողներ: Ընտրացուցակներում առկա է 10.773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Հանրապետությունում առանց բնակության հասցեի 5.715 ընտրող կա, իսկ 49.843 ընտրողների մոտ բացակայում է ծննդյան օրվա և ամսվա տվյալները: Որպես օրինակ նշվել է այն, որ Արաբկիր վարչական տարածքում կազմավորված 4/02 ընտրական տեղամասում ընտելու իրավունք ունեցող 22 ընտրողի հասցեն նշված է «Քանաքեռ մանկական քաղաք»: Նույն տարածքում 289 ընտրող հաշվառված են «Քանաքեռ շրջանցիկ թունել» հասցեում: 18 ընտրող հաշվառված է Դավթաշեն 3-րդ թաղամաս «Դօսաաֆ» ճաշարանում: Էջմիածնի Պետտնկարան հասցեում հաշվառված է 169 ընտրող, իսկ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի Վ. Սարգսյան փողոցի տներից մեկում՝ 209 ընտրող:
Համացանցում հրապարակված տեղեկությունների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
Կարդացեք նաև
Դավթաշեն 3-րդ թաղամաս «Դօսաաֆ» ճաշարան /շուրջ 25 սենյակներ/, Երևան քաղաքի «Քանաքեռ մանկական քաղաք» /շուրջ 80 բնակելի տներ/, Երևան քաղաքի «Քանաքեռ շրջանցիկ թունել» /250 և ավելի բնակելի տներ/, Արմավիրի մարզի «Պետտնկարան» /շուրջ 53 բնակարաններ/ հասցեները չհասցեավորված բնակելի տարածություններ են, որոնցից յուրաքաչյուրը բաղկացած է տարբեր ընտանիքներին պատկանող բնակելի տներից: Նշված տների բնակիչները, բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով, ռեգիստրում հաշվառված են մեկ հասցեում:
Այն քաղաքացիները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել են իրավասու մարմիններին և ստացել անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականներ, հանվել են չհասցեավորված բնակելի տարածությունների հասցեների հաշվառումից և բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված կոնկրետ հասցեներում: Օրինակ՝ «Դօսաաֆ» ճաշարան հասցեի հասցեավորած բնակելի տարածությանը տրվել է Դավթաշեն 3-րդ թաղամաս 6/2 շենքի 22 հասցե:
Ինչ վերաբերում է Կոտայքի մարզի Քասախ համայնքի Վ. Սարգսյան 1-ին փողոց 7/11 հասցեին, ապա ըստ Քասախ համայնքի ղեկավարի գրավոր պարզաբանման՝ նշված հասցեն հանդիսանում է համայնքի սեփականություն, որտեղ հաշվառվել են գյուղական բնակավայրերի հասցեավորումից հետո փաստացի հասցե չունեցող նույն համայնքի բնակիչները:
Բնակելի տարածության հասցեի բացակայության հիմքով հաշվառումը մերժելու իրավական արգելքը սահմանվել է ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի թիվ 1435-Ն որոշմամբ /նշված դրույթն ուժի մեջ է մտել 2013 թ. փետրվարի 1-ին/:
Հասցեում 10 և ավելի անձանց հաշվառումները ոչ թե անձնագրային ծառայության հայեցողական լիազորությունն են, այլ` սեփականատերերի օրինական պահանջի արդյունքը կամ չհասցեավորված բնակելի տարածությունների գոյությունը, որի պատճառով տարբեր ընտանիքներ հաշվառվել են միևնույն հասցեներում:
Այնուհանդերձ՝ բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողների կողմից հասցեներ այցելելու եղանակով բացատրական աշխատանքներ են տարվել բնակելի տարածությունների սեփականատերերի շրջանում, որի արդյունքում՝ 10 և ավելի հաշվառումներ ունեցող 12.192 հասցեները նվազել են 3513-ով:
Բնակելի տարածությունների սեփականատերերին իրազեկելու գործընթացին ՀՀ ոստիկանության հետ համատեղ ակտիվորեն ներգրավված է եղել նաև IFES Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Հայաստանյան գրասենյակը: Բնակության վայրեր կատարված ոստիկանական այցելությունների և դրանց արդյունքների վերաբերյալ առաջարկում ենք տեղեկանալ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքից:
Ծննդյան օրվա և ամսաթվի փոխարեն զրոների առկայությունը պայմանավորված է անձնագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում դրանց բացակայությամբ: Ոստիկանությունը նշված հարցի պարզաբանման կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրական գործընթացի շրջանակներում:
Ինչ վերաբերում է ՀՀ ընտրողների ռեգիստրում 99 տարեկանից բարձր 196 ընտրողի տվյալների առկայությանը, ապա հարկ է նշել, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հետևաբար, օրենքով որևէ սահմանափակում նախատեսված չէ ընտրական իրավունքի տարիքային վերին շեմի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ պարզաբանում է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և ընտրացուցակները կազմելիս հիմք են ընդունվում ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրացուցակներին վերաբերող բոլոր պահանջները:
ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից համացանցում տարածած տեղեկատվությունից և ոչ մեկը ՀՀ Ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
ՀՀ ոստիկանություն