Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը չի վստահում Պարույր Հայրիկյանին

Փետրվար 14,2013 18:17

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը «Լոռի» մամուլի ակումբում հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

Խոսելով իր նախընտրական ծրագրի մասին, նախագահի թեկնածուն ասաց, որ ինքը ներկայացնում է, ըստ էության, շատ կոնկրետ ծրագիր, մասնավորեցնելով, որ հոգալու է թե գյուղաբնակների, թե քաղաքաբնակների զբաղվածության հարցը:

«Ես Վանաձորին կտամ ինքնաբավ բյուջե, վանաձորցիներ Երեւանում շատ կան, Վանաձորը չի սկսի մուրալ Երեւանից իր բյուջեն, գյուղերում կլինեն կոոպերատիվ ձեռնարկություններ, շեշտակիորեն կընդլայնվի գյուղական զբաղվածությունը: Կոոպերացիան ընդհանրապես փոքր համայնքում եւս առաջ կմղվի, կզարգացվի: Երիտասարդության համար կսահմանվի առաջին բիզնեսի իրավունք»,-նկատեց նա:

Հրանտ Բագրատյանը անվստահություն հայտնեց վերջերս ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե ցանկալի է, որ ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով:

Նա նշեց, որ այդ հայտարարությունը լսելուն պես առաջարկել է Պարույր Հայրիկյանին հանել իր թեկնածությունը. եթե նա ինքը բարձրաձայնում է այդ մասին, ապա թող ինքն էլ հանի իր թեկնածությունը:

«Դրան պատասխանել է, թե ես մեկ անգամ արդեն հանել եմ, բայց դա, իհարկե, բավարար պատասխան չէ»:

Նա նշում է, որ ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանի ու Րաֆֆի Հովվհաննիսյանի` ակնարկը, թե Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում իրենք կշնորհավորեն նրան, ինչպես նաեւ Հայրիկյանի վերջին գործողությունները, տեղիք են տվել իրեն կասկածելու:

«Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները` այո, ոչ, կհանեմ, կդիմեմ, չեմ հանի, կասկածանքի տեղիք է տալիս իմ մեջ, թե նա իրապես ընդդիմություն է, թե ոչ: Նա մինչեւ հիմա որեւէ քննադատական խոսք իշխանությունների հասցեին չի ասել: Այսօր էլ հայտարարություն է տարածել, որ միայն Սերժ Սարգսյանը քարոզարշավը դադարեցրեց, երբ ինքը հիվանդանոցում էր: Դա պարզապես սուտ է: Սերժ Սարգսյանը մեկ օրով է դադարեցրել, ես երկու օրով, եւ ամեն օր քարոզարշավը մեզ վրա նստում էր 3000-5000 դոլար: Հաշվենք, որ ես սուբսիդավորել եմ Պարույր Հայրիկյանի քարոզարշավը: Այդ ամենն իմ մեջ արդեն հույսեր չեն ներշնչում: Որեիցե մեկի օգտին իմ թեկնածությունը հանելու համար ես պիտի համոզված լինեմ, որ 100 տոկոսանոց ընդդիմադիր գործչի հետ գործ ունեմ: Ես սկսեցի կասկածել, թե միասնական թեկնածուի անվան տակ հնարավոր է ամեն ինչ ուղղված լինի նրան, որ ընդդիմադիր թեկնածուները չեզոքանան, եւ տխրեցի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հասկացնել տվեց, որ կշնորհավորի: Իհարկե, դա իրենց իրավունքն է: Բայց գիտեք, մենք երեքով թուղթ էինք ստորագրել, դրել էինք ցուցակների պահանջ, որը չէր հարգվել: Իսկ մենք ասել էինք, որ եթե այս պահանջները չհարգվեն, ընտրությունները չեն կարող լինել արդար: Այստեղ իմ ամբողջ եռանդը, երեքի շրջանակներում համագործակցելու, մարեց»,-եզրափակում է Հրանտ Բագրատյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728