Վրեժը վրեժ լուծեց իր ընկերոջ հորը հարվածողից
Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը փետրվարի 7-ին Բերդ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Վրեժ Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») դատապարտեց 11 տարի եւ 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
Վ. Մելիքյանը 2007թ. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով, ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով («Խուլիգանություն», «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս հասցնելը», «Գողություն»), դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: 2012թ. մայիսի 22-ին պատժի ժամկետը լրանալու կապակցությամբ նա ազատ էր արձակվել, սակայն դատվածությունը մարված չէր:
2012թ. հուլիսի 22-ին Վ. Մելիքյանն իր ընկերների հետ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում գտնվող հուշաղբյուրի մոտ մասնակցել է Վարդավառի տոնակատարության: Հացկերույթի ավարտից հետո ավտոմեքենայով հուշաղբյուրին է մոտեցել Այգեպար գյուղի 52-ամյա բնակիչ Խաչիկ Խաչատրյանը, ում հրավիրել են սեղանի մոտ: Վերջինիս եւ հացկերույթի մասնակից, Բերդի բնակիչ Մանվել Գրիգորյանի միջեւ գերեզմանաքարի պարտքի շուրջ վիճաբանություն է եղել, որին միջամտել է Վ. Մելիքյանը: Վիճաբանության ժամանակ Խ. Խաչատրյանը սեղանից վերցնելով ապակե շիշը՝ դրանով հարվածել է Մանվել Գրիգորյանին գլխին: Վ. Մելիքյանը, իր ընկերոջ հոր՝ Մ. Գրիգորյանի արժանապատվությունը պաշտպանելու նպատակով ծեծի է ենթարկել Խ. Խաչատրյանին:
Կարդացեք նաև
Հետո, երբ Մ. Գրիգորյանին տուն են տարել, վիճաբանողներին հանգստացրել են, Վ. Մելիքյանը Խ. Խաչատրյանին առանձնացրել է եւ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել նրա կրծքավանդակի եւ որովայնի շրջանում: Խաչիկ Խաչատրյանին տարել են Ներքին Կարմիրաղբյուրում ապրող բուժքրոջ տուն, որտեղ նա մահացել է:
Դատարանը վճիռ կայացնելիս, որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը: Դատարանը տուժողի իրավահաջորդին վերապահել է հանգուցյալի հուղարկավորման, գերեզմանի պատրաստման ծախսերի հատուցման համար քաղաքացիական հայցի իրավունք:
Հավելենք, որ Վրեժ Մելիքյանի հայրը՝1941թ. ծնված Ասկանազ Մելիքյանը, 2012թ. սեպտեմբերի 2-ից անհետ կորած է: Նա այդ օրը նախիրն ուղեկցել է Նավուր գյուղից վերեւ գտնվող հանդամաս ու չի վերադարձել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ