Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Ցանկացած ոլորտում էլ կարող են լինել անձնավորություններ, որոնք իրենց տեղում չեն»

Փետրվար 14,2013 17:54

Սպորտային ըմբշամարտը 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից հանելու` ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի առիթով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր «Նովոստի» մամուլի ակումբում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Այդպիսի մարդիկ, որոնք, հնարավոր է, իրենցից ոչինչ չեն ներկայացնում, այդ տեղում գտնվում են միայն նրա համար, որպեսզի վատ բաներ անեն: Այսօր խոսքն ըմբշամարտի մասին է, որն իբրեւ թե դիտարժան չէ, տոմսեր քիչ են վաճառվում եւ այլն: Սկսեմ նրանից, որ ըմբշամարտը օլիմպիական խաղերի հիմքերի հիմքն է եղել: Ժամանակակից օլիմպիական խաղերում ըմբշամարտն առաջին մարզաձեւերից մեկն է: Ի՞նչ է նշանակում` պատրաստել մի շենք եւ հետո դրա սյուներից մեկը հեռացնել: Այդ շենքը հաստատ կփլվի: Ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում: Բայց նա շարժվում է օլիմպիական խարտիայի սկզբունքներին դեմ: Եվ այդ մարդը, փոխանակ մտածի օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձեւ ավելացնելու, այլ ոչ թե մարզաձեւ հանելու մասին, նման անլուրջ առաջարկ է ներկայացրել ՄՕԿ-ի գործկոմի նիստին: Ցավն այն է, որ մարդը աշխարհին լուրջ պրոբլեմներ է ներկայացնում: Պատկերացրեք, թե քանի երկրում են պատանիները, երիտասարդները զբաղվում ըմբշամարտով, աճում են ֆիզիկապես առողջ, ճկուն, իրենց երկրի համար պիտանի մարդիկ, ուզում են նմանվել, հավասարվել եւ գերազանցել իրենց մարզական կուռքերին` օլիմպիական չեմպիոններին: Ու հանկարծ ինչ-որ մեկն ուզում է մարզաձեւը հանել օլիմպիական խաղերի ծրագրից: Դա առաջին հերթին լուրջ հարված է ամբողջ աշխարհի երեխաներին ու պատանիներին, որոնք տարիներ շարունակ մարզվել են ու ուր որ է պիտի մասնակցեն օլիմպիական խաղերին, դառնան մրցանակակիրներ եւ հաղթողներ: Իմ համոզմամբ, այդ մարդու ցանկությունը շատ քիչ է: Ամբողջ աշխարհում ըմբիշները շատ սերտ կապված են միմյանց հետ եւ դա թույլ չեն տա: Արդեն արձագանքները կան, խիստ արձագանքներ: Այդ անհեթեթ առաջարկի դեմ ամբողջ աշխարհը կպայքարի», – հայտարարեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728