Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի կուսակցություն՝ ՀԱԿ. Քաղաքագետների գնահատականները

Փետրվար 14,2013 17:36

«Եկել է ժամանակը, երբ այն մարդիկ, որ նվիրվել են այս պայքարին, հինգը տարի պայքարել են՝ դա իրենց պայքարն է, վերջապես ստանան նաեւ խոսելու, ասելու, որոշելու իրավունք։ Եվ կուսակցության վերածելը առաջին հերթին լուծում է այդ խնդիրը, այսինքն՝ հսկայական այս բանակը որոշումների, քաղաքական գործընթացների, քննարկումների մեջ ընդգրկելու հարցը»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նաև այսպես հիմնավորեց նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը:

Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ այս հայտարարությունը կարելի է՞ համարել ՀԱԿ-ի՝ քաղաքական նոր ձևաչափով հանդես գալու ազդանշան և երկրի քաղաքական որոշումների վրա ազդելու հավակնություն:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս հիմնավորումները անտրամաբանական է համարում և մանրամասնում. «Քիչ թե շատ տրամաբանական պատասխաններ նոր կուսակցություն ստեղծելու առումով ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը և ոչ էլ Լևոն Զուրաբյանը չեն տվել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ կարծես Տեր-Պետրոսյանը գործարք է առաջարկում իշխանություններին հետագայում 2018-ի ընտրությունների հետ կապված: Իսկ Զուրաբյանը դեռ որևէ լուրջ հայտարարություն չի արել և նա չի կարող հարց լուծել, ինչքան էլ պատասխանատու պաշտոն զբաղեցնի: Նա շարունակում է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերում, ընդամենը նրա մտքերի մեկնաբան»:

Ազդեցության շանսերի մասին էլ Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց. «Չեմ կարծում, որ ունեն, հատկապես այն հռետորաբանությանը, որ փորձում են շարունակել, իրենց պարտության պատճառ է դարձել: Կա քննադատություն՝ առանց որևէ մեխանիզմների և մեթոդների առաջ քաշման: Հասարակությունը հոգնել է այս հռետորաբանությունից: Հետևաբար դաշինքից կուսակցության վերածվելով, բավականին լուրջ մարդկային ռեսուրսներ կորցնելով, հեղինակավոր և խարիզմատիկ մարդկանց կորցնելով, շանսեր առավել ևս չունեն»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ինչ-որ առումով Լ. Զուրաբյանի հիմնավորումները տրամաբանական է համարում ու նշում. «Արդյունավետությունը ցանկացած պարագայում բարձրանում է, նաև գաղափարական հստակ դիրքորոշում, պլատֆորմ ու իդեալ են ունենում, ավելի քան ժամանակավոր դաշինքները, ինչպիսին էր ՀԱԿ-ը, որը սոցիալիստների, կոմունիստների, նախկին չեկիստների հավաքածու էր, դա ոնց կարող էր աշխատել: Այն ժամանակ կար նպատակ տապալել գործող ռեժիմը, իսկ որ այն չի կատարվել, ոչ գաղափարական ոչ էլ քաղաքական իմաստով նա այդ ռեսուրսի տերը այլևս չէ: Թվին մի նայեք: Ինչ վերաբերում է իշխանության հետ համագործակցելուն, ապա իշխանությունը օտար հո չէ՞: Կարևորը քաղաքական պլատֆորմ ունենալն է, հստակ դիրքորոշում ձևավորելը: Հո կյանքի նպատակ չէ իշխանության հետ հակառակվելը: Վերջը մեր երկի՞րն է, թե՝ ոչ»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728