Բողոքի ակցիա են անցկացնում Սարի թաղի բնակիչները
«Մենք պահանջում ենք վարչապետին: Եթե ինքը վարչապետ է, իր օրենքը օրենք չէ՞, ինչի՞ է նստել այդտեղ: Մարդկանց ներվերը խի՞ են սղոցում»,- այսօր կառավարության շենքի դիմաց կառավարության դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին այսպիսի դժգոհություն էին ներկայացնում Սարի թաղի 18 փողոցի վթարային տների բնակիչները:
Նրանց բնակարանները վթարային են դարձել` սողանքի պատճառով: Վերջիններս պահանջում են փոխհատուցում` 2009-ից սկսած: Կառավարությունը խոստացել է մինչեւ 2011-ը հարցը լուծել, բայց մինչ օրս ոչ մի փոխհատուցում մարդիկ չեն ստացել:
Որքան էլ Ալեքսանդր Ղազարյանը պնդում էր, որ ինքը վարչության պետ է, եկել է ցուցարարների խնդիրը լսելու, ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ վարչապետն անձամբ իջնի եւ իրենց պատասխան տա: «Ժողովուրդ, դուք հիմա վարչապետին տեսնե՞լ եք ուզում, թե՞ խնդրին ընթացք տալ եք ուզում»,- հարցրեց վարչության պետը: Մարդիկ պատասխանեցին, որ երկրորդը, բայց արդեն այնքան խոստումներ են տվել, որ էլ չեն հավատում ոչ մի խոսքին:
Կարդացեք նաև
Ցուցարարներից մեկի խոսքերով` «Պարոն, խնդրում եմ, էլի, ձեր նման հմայիչ անձնավորություններ էս 8 տարի է մոտիկացել են մեզ: Մենք միշտ խաբված ենք, հուսալքված ենք: Շատերն են եկել հույս տվել` գրավոր..սենց, ընենց: Մենք մեր տան մեջ կորել ենք: Ես մեղավո՞ր եմ, որ սողանք ա եղել, տունս փլվում ա: Երկու հատ զույգ տղա եմ ունեցել, ջրի մեջ են, հիվանդանում են օրական, դեղի, բժշկի փող եմ տալիս: Հիվանդ, ինվալիդ ենք դարձել»:
Ալեքսանդր Ղազարյանը նետեց, թե՝ «Էդ քո ասածներով ինձ չես հուզի: Դա ինձ չի հուզում»: Մեր հարցին` բա ի՞նչ է հուզում ձեզ` վարչության պետը պատասխանեց. «Չեմ հուզվում, որովհետեւ ես նույն քո իրավիճակում եղել եմ: Երկրաշարժից տուն էլ եմ կորցրել, տակից երեխա էլ եմ հանել, պատերազմ էլ եմ տեսել: Ինձ մի ասա էդ»:
Թե ինչու վարչապետը չի ուզում անձամբ հանդիպել ցուցարարներին` վարչության պետը հորդորեց նման պրովոկացիոն հարցեր չտալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ