«Մեդիալաբի» զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը
– Պարո´ն Ադամյան, այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը, շարժում, որի շնորհիվ հայ ժողովուրդն իր ազատության սկիզբը դրեց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հաջողություններ ու ի՞նչ կորուստներ ունեցանք մենք անցած 25 տարիներին:
– Ձեռքբերումը, բնականաբար, այն էր, որ իմպերիայի փլուզումից հետո ինքնագիտակցման ուղու վրա կանգնեցինք: Այսինքն՝ տեսնել քո տանը թե դու ինչո´վ ես հարուստ, ինչո´վ ես աղքատ, գիտակցել դա: Երկիրն անուղեղ չեն մեկնում, մեկնում են` կառուցվածքային նպատակներ ունենալով, գաղափարական նպատակներ ունենալով, թե ի´նչ երկիր ենք ուզում լինել: Երբ ժողովուրդը գիտակցում է, որ այսպես գոյատևելն անհնար է, այ այս զարթոնքը հրաշալի է: Երբ ժողովուրդը, թոթափելով ուրիշի նոքարն ու ծառան լինելը, հանկարծ հասկանում է, որ ինքը պետք է ինքնուրույնություն դրսևորի, ինքը պետք է ձեռք բերի արժանապատվություն, սա հրաշալի է: Արժանապատվության սկիզբը ստացանք, պետականակառուցման գիտակցությունն ունեցանք, սկսեցինք անել: Ցավոք, ներքին խժդժությունների պատճառով այդ մեկնումը սկսեց ինչ-որ մի տեղ սայթաքել: Ինչ ուզենք, կարող ենք ասել՝ մութ ուժեր, սև ուժեր, բայց էդ բոլոր մութ ու սև ուժերը մեր մեջ են: Այսինքն՝ եթե մենք պատմականորեն նայենք, թե ի´նչ է մնալու պատմության էջերում, ապա մնալու է այն, որ Ղարաբաղն այնուամենայնիվ ունեցավ ինքնորոշման գիտակցության զարթոնքը: Հայաստանաբնակների մեջ համընդհանուր միասնական ձգտման գիտակցությունը հաղթարշավի էր դուրս եկել, դրա համար մենք պատերազմը կարողացանք բերել ու հասցնել այդ հանգրվանին: Դրա համար էլ այսօր Ղարաբաղը դե ֆակտո ինքնիշխան է, այլ հարց է, որ հազար ու մի խոչընդոտ կա, որոնք պետք է լուծենք:
Ցավոք, շարունակության մասին այլևս հետաքրքիր բաներ չեմ կարող ասել: Այո´, առաջին իշխանությունը կարող էր նաև սխալներ ունենալ: Բայց երբ նայում ես, դրականն ավելի շատ էր, քան բացասականը: Ասում են՝ սերմանվեց այսինչ բանը: Դե գիտե՞ք ինչ, եթե մենք հետադարձ հայացք ենք գցում և տեսնում ենք, որ եկավ գնացքը, կանգնեց մի կայարանում, ու գնացքը սկսեցին թալանել, իհարկե, գնացքի ընթացքից հետո էլ թալան է տեղի ունենալու: Բայց ես կարծում եմ, որ այդ գիտակցությունն է պետք ունենալ, թե ո´վ սկսեց թալանը և ինչպե´ս սկսվեց: Թալանը սկսվեց Ռոբիկից: Այսինքն՝ դեռևս չթրծված, պետականակառուցման մեջ հմտություն չունեցող ժողովուրդն ընկավ մեկի ձեռքը, ով սկսեց կառուցել թայֆաբազական այսպես կոչված կառույցը, որի հիմքը սեփական ժողովրդին կեղեքելն է: Ու բնական է, որ սրա հետևանքով արտագաղթը գնալով ավելի ու ավելի է ահագնանում, որովհետև պետականակառուցման գործի մեջ սահեցինք մինչև ուր որ հնարավոր էր: Սրա հետևանքով էլ ցանկացած հայ հասկանում է, թե ինչ վերաբերմունք ունի դեպի Հայաստանը միջազգային հանրությունը: Տնտեսություն պրակտիկորեն այսօր չկա, կա պատրանքը փողային շարժերի, որի մեծ մասը օֆշորային է, չգրանցված, բյուջեն մի քանի անգամ գերազանցող ինչ-որ գումարներ: Այնքան փող, ինչքան այսօր կա Հայաստանում, երբևէ չի եղել: Եվ երբևէ փողը Հայաստանի համար էդքան անօգտակար չի եղել, որքան այսօր: Երբ մենք քիչ փող ենք ունեցել, ավելի օգտակար է օգտագործվել երկրի համար, քան այսօր, երբ ունենք շատ-շատ փող, բայց մի դրամի օգուտ չկա երկրի համար:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ