Այսօր «Իրատես de facto» ակումբի հյուրն էր Հայոց ազգային բանակ կազմակերպության նախագահ Արամո Թորգոմյանը: Քննարկման թեման էր ՀԱԲ-ի կոչն իր մարտական ընկերներին:
Պարոն Թորգոմյանի խոսքերով՝ իրենք պետք է համախմբվեն և սատարեն նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ մեր նախագահի վարած ճկուն քաղաքականության շնորհիվ է, որ մենք այսօր զգալի հաջողություններ ունենք արցախյան հիմնախնդրի և ցեղասպանության հարցերում:
Այն հարցին, թե եթե մեկ այլ թեկնածու ընտրվի ՀՀ նախագահ, կսատարի՞ արդյոք ՀԱԲ-ը, պն. Թորգոմյանը պատասխանեց, որ ինքը խնդիր չունի ոչ մի թեկնածուի հետ, ավելին՝ մի քանիսի հետ ունի լավ հարաբերություններ և ավելացրեց. «Համոզված եմ, որ մեր երկիրը ավելի լավ կնախագահի Ս. Սարգսյանը»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքն է՞լ էր գերադասում մահանալ ռազմի դաշտում, քան հիվանդությունից, նա պատասխանեց. «Ցավալի է, երբ կյանքդ մինչև վերջ չես դնում հայրենիքիդ համար: Ավելի լավ է ռազմի դաշտում մեռնեմ, քան ոտքս կոտրվի»: Հետո նա հավելեց, որ իրենք շարունակում են այն ռազմիկների կիսատ թողած գործը, ովքեր հիմա հանգչում են Եռաբլուրում:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե քանի՞ զինվոր ունի ՀԱԲ-ը, պն. Թորգոմյանը պատասխանեց, որ դա ռազմական գաղտնիք է, միայն կարող է ասել, որ նրանք հազարավորներ են:
Պրն. Թորգոմյանը կոչ արեց իրենց բոլոր մարտական ընկերներին, միանալ իրենց՝ իրենց հետ միասին սատարելու Ս. Սարգսյանին:
Իր խոսքը Արամո Թորգոմյանը ավարտեց հայտարարությամբ. «Բոլոր նախկին ՀԱԲ- ականներին խնդրում եմ՝ վերադարձեք մայր երամ, որովհետև մենք սկիզբն ենք արցախյան պատերազմի»:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ