Մաղալյանը` դրամատիկական թատրոնի եւ սերիալների որակի մասին
«Ներկայումս դրամատիկական թատրոնն ակտիվ աշխատանքի մեջ է եւ ցուցադրում է նոր ներկայացումներ: Խաղացանկում ներառված են ռուսական դասական եւ ժամանակակից, եվրոպական պիեսներ, ինչպես նաեւ հայկական դրամատուրգիա` Շանթ, Շիրվանզադե, Սունդուկյան,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանը, ապա հավելեց,-ներկայացումներ են պատրաստվում նաեւ ուսանողների ջանքերով»:
Խոսելով սերնդափոխությունից` Մաղալյանն ասաց, որ դրամատիկականի դերասանների տարիքը տատանվում է 22-50-ի միջեւ. «Դա լավ ցուցանիշ է: Օրինակ, թատրոնը ներկայացնում է Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», որի համար տարբեր տարիքի կադրեր են պահանջվում, իսկ թատրոնն ունի անհրաժեշտ դերասանական կազմը»:
Մաղալյանի փոխանցմամբ` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կցուցադրվի «Հրեշը լուսնի վրա» պիեսը, որը նաեւ միջազգային փառատոների է մասնակցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Օդեսայում:
Կարդացեք նաև
Դերասանի խոսքով. «Ցավալի է թատրոնի ֆինանսական խնդիրը: Պետպատվեր թատրոնը տարին մեկ է ստանում (բայց ոչ ամեն տարի), իսկ ընդհանուր առմամբ` սեփական ուժերով եւ հովանավորների աջակցությամբ ցուցադրում տարեկան 4-5 ներկայացում, այդ թվում` ամանորյան: Իսկ տոմսարկղում վաճառվում է տոմսերի ընդհանուր քանակության շուրջ 1/3-ը միայն: Առհասարակ` թատրոններն ամբողջ աշխարհում եկամտաբեր չեն»:
Սերգեյ Մաղալյանը դրական է գնահատում սերիալներում թատրոնների դերասանների խաղալու հանգամանքը, սակայն, օրինակ, լեզվի մաքրության եւ սցենարների որակի խնդիր կա. «Սերիալներում խաղալու իմ փորձը ցույց է տվել, որ սցենարները, մասնավորապես` դիալոգները, հիմնականում գրում են կանայք, որոնց մտածելակերպն այլ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ