Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեց անչափահասին անառակաբարո գործողություններում ներգրավելու փորձով դատաքննությունը

Փետրվար 14,2013 16:39

Այսօր սկսվեց չափահասի կողմից 8-ամյա աղջնակին պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու, անառակաբարո գործողություններ կատարելու մեջ ներգրավելու փորձ կատարելու փաստով հարուցված, հասարակական հնչեղություն ունեցող գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի` Դավիթ Փահլևանյանը 2012թ. հուլիս ամսվա ընթացքում համացանցից՝ հիմնականում «V կոնտակտ» սոցիալական կայքից, իր համակարգչի մեջ ներբեռնել և նույն համակարգչի համակարգչային համակարգում պահպանել է, ինչպես նաև անձնական օգտագործման բջջային հեռախոսի մեջ ներբեռնել և պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 479 ֆիլմեր, նկարներ և մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 9 մուլտեր:

Համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում գրանցված լինելով «Նարեկ Համբարձումյան» պայմանական անվամբ, 2012թ. օգոստոսի 18-ին ծանոթացել է հիշյալ սոցիալական կայքում գրանցված, 2004թ. մարտի 23-ին ծնված մանկահասակ աղջկա հետ։ Վերջինիս մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով, խաբեությամբ ներկայանալով որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում, գայթակղելով, որ այդպիսով երեխան սեփական վաստակով գեղեցիկ հագուստներ և քաղցրավենիք գնելու հնարավորություն կունենա։ Խոսել է տղամարդու և մանկահասակ աղջիկ երեխայի միջև հնարավոր սեռական հարաբերությունների, այդ ընթացքում հաճույք ստանալու, դրանց եղանակների, այդ թվում խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին և համոզել այդ ամենը զգալու և փորձելու համար իր հետ ունենալ սեռական հարաբերություններ, հետագայում նրա մասնակցությամբ ֆիլմերում նման սյուժեներով տեսարաններ նկարահանելու ակնկալիքով, ամբաստանյալն, ըստ մեղադրանքի, փորձել է ներգրավվել երեխային պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն։

Դավիթ Փահլևանյանի հանցանքն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով՝ աղջիկը նրա նամակագրության և առաջարկի մասին ի սկզբանե տեղեկացրել է մորը, որը հանդես գալով աղջկա անունից՝ շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին հաղորդում է տվել ոստիկանություն։

«Դավիթ Փահլևանյանը՝ վստահ լինելով, որ կարողացել է համոզել երեխային գալ հանդիպման՝ խաթարված ձևով իր հետ սեռական հարաբերություն ունենալու և այդ ամենը տեսագրելու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրության վայր, որտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։

Այսպիսով ամբաստանյալը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը, 34-142-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անառակաբարո գործողությունների փորձ, և 34– 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու փորձ։ Մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն՝ «հեռախոսի մեջ ներբեռնել եմ մանկական պոռնոգրաֆիա»:

Երեխայի մայրն, ով նաև նրա օրինական ներկայացուցիչն է դատարանում, ցուցմունքներ տվեց և հայտնեց, որ իր աղջկա անունից 3-3,5 oր շարունակել է նամակագրությունը ամբաստանյալի հետ, իսկ դրանից հետո մի քանի ժամ նրա հետ նամակագրությունը շարունակել են ոստիկանները: Ամբաստանյալը հայտնել է, որ «մեզ պետք չեն» 8-11 տարեկանից մեծ երեխաները: Տուժողի մայրը չկարողացավ նույն մանրամասնությամբ, ինչպես իր նախաքննության ցուցմունքում, պատմել «զրուցակցի» ուղարկած անառակաբարո գործողությունների սցենարների մասին՝ լեզուն չպտտվեց, սակայն պնդեց իր նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմի այն հարցին, թե ինչու է տուժողի մայրն այդքան երկար սպասել՝ նա հայտնեց, որ «ձգել է՝ մինչև համաձայնի հանդիպել», որպեսզի հնարավոր լինի նրան բացահայտել:

Փետրվարի 25-ին մանկավարժի ու ծնողի ներկայությամբ կհարցաքննվի տուժող երեխան՝ դռնփակ դատական նիստում:

Ըստ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, սահմանած ապացույցների հետազոտման կարգի, տուժողի հարցաքննությունից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, վերջում ցուցմունքներ կտա ամբաստանյալը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728