Հանրապետության Նախագահի յոթ թեկնածուներից փետրվարի 13-ի դրությամբ նախընտրական հիմնադրամներում գումարներ ունեն հինգը: Անդրեաս Ղուկասյանի հիմնադրամի մնացորդը զրոյացված է. նա ծախսել է այդ պահի դրությամբ իր հիմնադրամ մուտքագրված 4 մլն 378 հազար 240 դրամը: Արման Մելիքյանն այդպես էլ հիմնադրամ չի բացել:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամում հունվարի 30-ից հետո նոր մուտքեր չեն եղել: Նա առկա 1 մլն 24 հազար դրամից այս ընթացքում ծախսել է 1 մլն 12 հազար 100 դրամ: Մնացորդը 11 հազար 900 դրամ է:
Փետրվարի 5-ից հետո նոր մուտքեր չեն արձանագրվել Վարդան Սեդրակյանի հիմնադրամում, սակայն աճել են ծախսերը: Առկա 700 հազար դրամից թեկնածուն ծախսել է 520 հազար դրամ: Մնացորդը` 180 հազար դրամ է: Ինչպես և նախկինում, ի համեմատ մյուս թեկնածուների, առավել փոքր մուտքեր և ելքեր եղել են նրա հիմնադրամում:
Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն՝ փետրվարի 13-ի դրությամբ ՀՀ նախագահի թեկնածուներից առավել շատ մուտքեր և ելքեր, ինչպես և նախորդ ժամանակաշրջանում, արձանագրվել են ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամում: Առավել մեծ մնացորդ առկա է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամում:
Կարդացեք նաև
Այսպես` Սերժ Սարգսյանի հիմնադրամի մուտքերը կազմել են 102 մլն 49 հազար 600 դրամ, ելքերը` 84 մլն 344 հազար 363 դրամ, մնացորդը` 17 մլն 705 հազար 237 դրամ:
Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամի մուտքերը կազմել են 82 մլն դրամ, որից նա այս ընթացքում ծախսել է 58 մլն 301 հազար 880 դրամ: Մնացորդը 23 մլն 698 հազար 120 դրամ է:
«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մուտքերն եղել են 11 մլն 300 հազար դրամ, ելքերը` 10 մլն 203 հազար 80 դրամ, մնացորդը` 1 մլն 96 հազար 920 դրամ:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: