Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գինիների համար «տխուր» կլինի, որ վրացական գինիները մտնեն ռուսական շուկա

Փետրվար 14,2013 16:31

Ավագ Հարությունյան. «Առանց այդ էլ հայկական գինիների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններ կան»:

Օրերս Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին հայտնել է, որ շուրջ 60 վրացական ընկերություններ պատրաստ են գինի եւ հանքային ջուր արտահանել Ռուսաստան: Վրացի պաշտոնյան հավաստիացրել է, որ պայմանավորվածությունն արդեն մասամբ ձեռքբերված է: Նշենք, որ վրացական գինիների արտահանումը դեպի ՌԴ դադարեցվել էր մոտ 7 տարի առաջ` քաղաքական պատճառներով:
Aravot.am-ը Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանից հետաքրքրվեց, թե վրացական գինիների` ռուսական շուկա մտնելը կվնասի՞ հայկական գինիների արտահանմանը, հատկապես, որ վերջերս վրացիները մեծ ջանքեր էին գործադրում գինու բնօրրանը Վրաստանը ճանաչելու համար:
Ավագ Հարությունյանի կարծիքով՝ «առանց այդ էլ հայկական գինիների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններ կան»:

Մեր երկրի գլխավոր գինեգործը համոզմունք հայտնեց, որ «Ահագին կվատանա մեր դրությունը: Մինչեւ վրացական գինիների արգելքը, ռուսական շուկա էր մտնում տարեկան նվազագույնը 45-50 միլիոն շիշ գինի, իսկ հայկական` 0,5-0,8 միլիոն: Արգելքից հետո վրացականների տեղն իսկույն, մի քանի շաբաթում զբաղեցրեցին 80-90 %-ով իսպանական, արգենտինյան, չիլիական, ֆրանսիական եւ իտալական գինիները, մնացածը բաժին ընկավ ԱՊՀ երկրներին եւ մի չնչին մասն էլ` Հայաստանին: Մեր արտահանումն ավելացավ մոտ 0,6-0,8 միլիոն շշով: Բայց, ի տարբերություն մեր մրցակիցների, մենք զբաղեցրեցինք վրացականի համեմատաբար թանկ նիշը, իսկ ԱՊՀ մյուս երկրները` էժան: Այդ ընթացքում բուն Վրաստանում ռուսական շուկայի վրա կողմնորոշված (30-40 միլիոն շիշ) գինեգործարանները փակվեցին, դրանց ունեցվածքը վաճառվեցին հայերին, իսկ իրենք՝ վրացիները մնացած պոտենցիալի վրա աշխատեցին եւ այսօր արտադրում են 10-15 միլիոն շիշ համեմատաբար որակյալ գինիներ եւ մի մասն էլ արտահանում են Եվրոպա»:

Ավագ Հարությունյանը համոզված է, որ ռուսական շուկայի բացման դեպքում վրացիները առաջիկա 5 տարիների ընթացքում կհասնեն նախապատերազմյան քանակի միայն կեսին. «Ոչ ավելի, քանզի նախ այն ծավալները չունեն, ինչ անցյալում եւ բացի այդ, փոխվել է նաեւ ինքը՝ ռուսական շուկան: Նախկին դիստրիբյուտորական ցանցն այլեւս չկա, ֆինանսներն ուղղվել են այլ հոսքերով, բարդացել է շուկա մուտք գործելու կարգը: Սակայն նրանց մուտքը կվնասի նախ եւ առաջ հայերին, քանի որ վրացիներն իրենց արդեն համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով էժան գինիների նիշա չեն մտնի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728