Սուրբ Վալենտինի օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում ու շնորհակալություն հայտնում աշխարհում ամենագեղեցիկ զգացմունքն ունենալու համար: Խոստովանությունները կարող են տարբեր լինել՝ համբույրից մինչև խենթություններ: Դաթո Աբուլաձեն էլ որոշել է սիրո խոստովանություն անել իր սիրելիին՝ նամակի տեսքով: «Առավոտ երիտասարդականն» էլ մեծ սիրով օգնում է նրան՝ նամակը «փոխանցելու» հարցում:
Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման:
Վալենտինի օրվա սիրային խոստովանություն… մի քիչ շատ սենտիմենտալ ու տերյանական բան գրել ընդհանրապես չեմ ուզում, դա իմը չի, ու չի էլ եղել, ինքդ էլ լավ գիտես։ Գիտես, որ երբեք ամպագորգոռ բառերն ու «Օ, իմ թանկագին էակ, սիրո՜ւմ եմ թոթովանքդ անուշ» կամ նմանատիպ արտահայտությունները միշտ վանել են ինձ, ու որքան զարմանալի է՝ քեզ էլ։ Իսկ հիմա ուղղակի ուզում եմ մտքերս շարադրել. գրել այն, ինչը հոգիս է ասում, ոչ թե այն, ինչը ես եմ ուզում։
Երբ ուղղակի հայացք եմ գցում 2012 թվականի վրա, հասկանում եմ, որ 2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը քո հետ ծանոթանալն էր։ Իրոք… մինչ քո հետ ծանոթանալը ես ինձ ստիպում էի (կամ էլ՝ փորձում էի ստիպել) տեսնել ինձ մյուսների մեջ. մյուս, ինձանից ահավոր տարբեր էակների մեջ։ Չկար մեկը, ով կկարողանար հայելու պես կանգներ դեմս ու շշնջար՝ տե՛ս, դու ես։ Միայն և միայն շշնջում էին՝ տե՛ս, այսպիսին ենք մենք ցանկանում քեզ տեսնել։
Բայց դու կոտրեցիր իմ մեջ գաղթած այդ կարծրատիպը։ Դու դարձար այն իդեալը, ինչին ես ձգտում էի ու ինչին ես ՈԻԶՈՒՄ ԷԻ ձգտել: Ու սկսեցի քո ամեն մի բնավորության գիծը ընդօրինակել: Ամեն ինչ… Ամեն ամեն ինչ… Որովհետեւ իմ տեսած/ճանաչած մարդկանց մեջ միակ իդեալը դու էիր: Ճիշտ է, իդեալներ չկան, բայց դու իդեալական էիր քո թերություններով ու մինուսներով վերցրած։ Մինուսներ…հըմ։ Նույնիսկ մաթեմատիկայում է երկու մինուսը պլյուս տալիս։
Հարուստ արտաքին ու ներքին, խելացի, նորաոճ էակ, ով չնայած իր արդիական հայացքների, գնահատում է նաեւ հինը: Տոլերանտ ամեն ամեն ամեն ինչի հանդեպ: Ով գտնում է, որ երբեք պետք չի ծայրահեղական լինել, նեյտրալ վիճակը ամենաճիշտն է: Դու ինձ սովորեցրեցիր դառնալ ոսկե միջին։ Չհասնել կործանվող/ած սահմանների։ Դու ինձ սովորեցրեցիր ուղղակի սիրել (ու հույս ունեմ նաև սիրվել)։ Սիրել առանց դիմացինից որևէ բան պահանջելու։ Նույնիսկ ինձ համար էր դա զարմանալի։
Իմ բոլոր սերերն այսպիսին չեն եղել։ Անսպասելի հուզմունք մի նոր դեմք տեսնելիս, մի նոր շարժումից, մի համբույրից… իրարից անջատ զվարթ պահեր. ահա և ամբողջ հուշերս իմ ապրած սերերից։ Բայց դու ուրիշ ես…ուրիշ աշխարհից։ Մի վայրից, որտեղ ունես քո սեփական մոլորակը, քո սեփական օրերնքները, և այն երկնային զգացմունքը, որ սեր է կոչվում։
ուղղակի սիրում եմ քեզ
առանց որևէ պատճառի
առանց որևէ ակնկալիքի
♥