Այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը իր խոսքում նկատեց, որ ընտրությունների շրջանում ի հայտ են գալիս քաղաքական գործիչների դրական եւ բացասական կողմերը, գոռոզությունը, ամբարտավանությունը, «եթե իրենք իրադարձությունների կենտրոնում չեն, աշխարհը կարող է փուլ գալ ժողովրդի գլխին»:
Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ամաչում ժողովրդից աջակցություն խնդրել: Ասաց նաեւ, որ ինքը մեծամտություն չունի, որեւէ կեղծ կեցվածք չունի եւ մշտապես ավելին է արել իր ստանձնած պարտավորություններից:
Այստեղ Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ տարածաշրջանային խնդիրներից, նկատելով, որ հարեւաններից մշտապես բողոքողը անտեսում է իր թերությունները. «Այդպես վարվում են անլուրջ եւ անպատասխանատու մարդիկ: Մենք այդպիսին չենք»:
Նախագահը խոսեց նաեւ բանակի դերի ու նշանակության մասին, ասաց, որ մեր բանակին «ամբարտավաններն ու սրիկաները պետք չեն, նրանց դուրս ենք շպրտելու բանակից, որ մեր զավակների բարի ծառայությունը չխաթարեն»:
Կարդացեք նաև
Ապարանում Սերժ Սարգսյանին ընդամենը 2-3 հարց տվեցին ու այդ առիթով նախագահը հիշեց նախորդ օրը Վարդենիսում տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ մի տարեց մարդ անընդհատ տարբեր հարցեր էր տալիս իրեն: «Չէ, երեւում ա Վարդենիսից պիտի գնանք մարդ բերենք»,- հումոր արեց Սերժ Սարգսյանը:
Փոխարենը այստեղ Սերժ Սարգսյանին մի բանաստեղծություն ձոնեցին, որի մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ