Այսօր «Մեդիա» կենտրոնում «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց «Ընտրական թվեր, էլեկտրոնային մոնիթորինգ» ծրագրի նախնական արդյունքները, որով համադրվել են մարզերի մշտական բնակչության եւ ընտրողների թվաքանակները, ինչպես նաեւ վեր են հանվել ընտրացուցակներում տեղ գտած յուրահատուկ տվյալներ:
Հոկտանյանի փոխանցմամբ. «Մոնիթորինգի ներկա փուլում վեր են հանվել ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի մշտական բնակչության եւ 2013 թվի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության կայքում դրված ՀՀ ընտրողների ցուցակը` ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի ընտրողների թվերը: Ինչպես նաեւ վեր են հանվել ընտրողների թվերն՝ ըստ իրենց տարիքի, հասցեների թվերն՝ ըստ նրանցում հաշվառված ընտրողների թվի, ոչ ստանդարտ հասցեներով կամ առանց հասցեների ընտրողների թիվը, այն ընտրողների թիվը, որոնց ծննդյան օրն ու ամսաթվերը նշված չեն, եւ տարբեր տեղամասերում լրիվ համընկնող տվյալներով ընտրողների թիվը»:
Իրականացված մոնիթորինգի համաձայն, ըստ 2001 եւ 2011 թվականների մարդահամարի տվյալների, ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 194,157-ով: Միեւնույն ժամանակ, Հոկտանյանը նշեց, որ համեմատելով 2003 եւ 2013 թվականների ընտրողների թվերը, կարելի է արձանագրել, որ ընտրողների թիվն աճել է 202,346-ով: Ընտրացուցակներում առկա է 73,087 ընտրող, որոնք ծնվել են մինչեւ 1932 թվականի հունվարի 1-ը եւ 5,613 ընտրող` ծնված 1995 թվականի հունվարի 1-ից հետո: Ընտրացուցակներում առկա է 10,773 հասցե, որոնցում հաշվառված է 10 եւ ավելի ընտրող: Հանրապետությունով մեկ առկա է առանց հասցեի կամ առանց տան, շենքի բնակարանի հասցեի 5,715 ընտրող: Եվ վերջապես, 49,843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա եւ ամսվա տվյալները:
Հոկտանյանի խոսքով, իրենց ներկայացրած տվյալները վտանգ է առաջացնում բազմակի քվեարկության համար, ինչի հետ կապված էլ վստահված անձինք, դիտորդները պետք է շատ ուշադիր լինեն:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ