Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ հաշմանդամների ընտրական իրավունքի իրացման եւ կանանց, երիտասարդների ընտրությանը ներգրավված լինելու թեմայով:
«ՀՀ օրենսդրությունը հավասար իրավունքներ է սահմանում բոլոր քաղաքացիների համար, սակայն հաշմանդամների ընտրական իրավունքները եւ հնարավորությունը սահմանափակ են»,-ասաց հաշմանդամների հարցերի հանձնաժողովի նախագահ Սուրեն Օհանյանը: Այս կարծիքին էր նաեւ «Ունիսոն» հասարակական կազմակեպության նախագահ Արմեն Ալավերդյանը:
Սուրեն Օհանյանի խոսքերով, իրենց անցկացրած վերջին մոնիթորիգի արդյունքում պարզվել է, որ Երեւանում ընտրատեղամասերից միայն 35-ն են լիովին համապատասխանում հաշմանդամների` ընտրությանը ինքնուրույն ներկայանալու եւ մասնակցելու համար: Մնացած 42-ը կամ չեն համապատասխանում, կամ մասամբ են հարմարեցված: Հաշմանդամների իրավունքների պաշտպանների ներկայացմամբ, մեր երկրում այս խնդիրը լուրջ հասարակական ուշադրության եւ կոնկրետ լուծումների կարիք ունի, եւ հարցը չի վերաբերում միայն ընտրությունների ժամանակ ծագող խնդիրներին, այլ հաշմանդամներին վերաբերող խնդիրներին ընդհանրապես:
Ասուլիսի մասնակից ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նկատեց. «Մենք այսօր անընդհատ խոսում ենք հաշմանդամների խնդիրների մասին, երբ մենք պետք է խոսենք նաեւ նրանց իրավունքների մասին»: Ըստ տիկին Եսայանի, հաշմանդամների իրավունքները խախտող եւ նրանց գործունեությունը սահմանափակող խնդիրներ առկա են նաեւ ԱԺ-ի շենքում, որոնք, ինչպես եւ մյուս բոլորը, շտապ լուծման կարիք ունեն:
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ