Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հումոր է արել

Փետրվար 14,2013 15:12

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բացատրեց, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել Սերժ Սարգսյանի պաստառը, որը փակցված է եղել անթույլատրելի վայրում. «Ինքը ոչ թե պոկել-գցել է, այդ նկարը պոկել, տարել է ուրիշ նկարի կողքն է դրել: Իհարկե, դա հումոր էր, որ չի կարելի սա անել, բայց ասել է՝ եթե շատ եք ուզում, թող իրար կողք լինի: Դրա մեջ հումոր կար, որ դնում եք՝ մի 10 հատ իրար կողքի դրեք»:

Անդրադառնալով սեւի եւ սպիտակի մասին նախագահի  խոսքերին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բաժան-բաժան է անում ժողովրդին, Ռուբեն Հակոբյանը նկատեց. «Եթե իսկապես ուզում են հասկանալ, թե ով է սեւը եւ ով՝ սպիտակը, ասեմ՝ դրա համար կա քաղաքակիրթ, նորմալ միջոց: Դա դեբատն է հեռուստատեսային: Գուցե օգտվի նախագահն այդ հնարավորությունից: Իսկ իմ կողմից ես  ասեմ՝ սեւ են բոլոր նրանք, ովքեր մտած են կոռուպցիայի մեջ եւ ղեկավարում են դա, ովքեր պատերազմական երկրում 50% ստվերային տնտեսություն են պահում, ովքեր կեղծում են ընտրությունները, ովքեր դպրոցներում խայտառակություն են անում: Ինչ վերաբերում է ազգին բաժան-բաժան անելուն, գոնե Րաֆֆին այն կերպարը չի, որ ազգը բաժանի լավի կամ վատի»:

Այս օրերին Ղարաբաղի մասին ռեպորտաժներ են տրվում: Ըստ Ռուբեն Հակոբյանի, դրանով փորձում են շեղել մարդկանց. «Խորհուրդ կտայի Ղարաբաղը հանգիստ թողնեն: Որեւէ լարվածություն չկա այսօր Ղարաբաղում: Նրանք, ովքեր կփորձեն լարվածություն ասել, փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը»:

ՀՀ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼՂՀ հարցի մոտեցումն անվանել էր արկածախնդրություն: Ռուբեն Հակոբյանը համաձայն չէ այդ որակման հետ. «Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂՀ հարցի հետ կապված այդ կարծիքին է եղել 20 տարի շարունակ: Րաֆֆիի մոտեցումն է այդպես: Թող գնահատական չտրվի, որ դա ավանտյուրիզմ է»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե իշխանություններն ընտրությունները այս անգամ էլ կեղծեն՝ շատ մեծ բան կկորցնեն, որովհետեւ ժողովուրդը կորցրել է ներելու լիմիտը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728