Այսօր «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեկնաբանեց, թե ինչ է երեկ ժամը 16:00-ի սահմաններում տեղի ունեցել Աջափնյակ համայնքում, երբ «Ժառանգության» ներկայացուցիչներին ծեծի են ենթարկել՝ բուկլետ բաժանելու համար: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այդ դեպքն ուսումնասիրվում է. «Վերջնական գնահատական կտրվի, երբ ամեն ինչ իր տեղում կլինի: Միշտ ասում էին, որ լինելու է ազատ, արդար ընտրություններ, փող չի բաժանվելու, անձնագրային տվյալներ չեն հավաքվելու: Ցավոք, վերջին օրերին համատարած գնում է այդ պրոցեսը: Չեմ ասում՝ փողերը բաժանում են, բայց նախապատրաստությունները գնում են արդեն: Չեմ ուզում համապատասխան գնահատական տալ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ «Ժառանգության» ներկայացուցիչները իրենց դուռն էլ են թակել, փող չեն առաջարկել, քարոզչություն են փորձել անել ու բուկլետ տալ:
Ռուբեն Հակոբյանը դրա հետ կապված ասաց՝ «Լավ է, որ Գալուստ Սահակյանին էլ են փորձել քարոզել: Հասկանում եմ, որ դա հումորի դաշտից է, առավել եւս, երբ Գալուստ Սահակյանն է դա ասում»:
Հարցին, թե ընտրակաշառքներ իշխանությունն այս անգամ կբաժանի՞ ըստ Ձեզ՝ պարոն Հակոբյանը չբացառեց դա՝ ասելով. «Ես տեսնում եմ իշխանության կողմից ջղաձգումներ: Արդեն ՏԻՄ-երում խնդիր են իրենք դրել, որ կարողանան շատ ձայներ ապահովել: Արդեն էական էլ չի՝ բարձրադիր իշխանությունը այդ ցուցումը կտա՞, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ