20-ամյա Մարինեն իր սիրելիի համար գնել է գեղեցիկ տուփ, որում տեղադրել է թղթեր. «Լցրել եմ շատ սիրուն ու գունավոր թղթեր, ամբողջի վրա գրված է 100 պատճառ, թե ինչու եմ սիրում իրեն»,-ասում է նա: Մարինեն նվերը հավելելու է շոկոլադով:
Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ շատերը տոնական եռուզեռի մեջ են, շտապում են սիրելիների համար նվերներ գնել: Կողմնորոշվելու հարցում նրանց օգնում են ծանոթները և խանութ-սրահների աշխատակիցները: Գրեթե բոլորն էլ նախընտրում են օրիգինալ անակնկալներ, որոնք ձեռք բերելու համար հարկավոր է անհրաժեշտ գումար: Ոմանց համար դա խնդիր չէ, ոմանք այդ մասին հոգում են նախօրոք, շատերն էլ բավարավում են մեկական վարդ կամ փոքրիկ հուշանվերներ գնելով: Եվ չնայած շատերի բողոքներին, թե ինչու են հայերը նշում ոչ հայկական տոնը, միևնույն է, երևույթը մասսայական բնույթ է կրում. բոլորն էլ ցանկանում են ուրախացնել իրենց սիրելիներին:
21-ամյա Գոհարը, ով իրեն համարում է օրիգինալ առարկաների սիրահար, ասում է. «Քանի որ ես սիրում եմ օրիգինալ ու պետքական նվերներ, իսկ ընկերս շատ ա սիրում ձվածեղ, սրտիկ թավա եմ առել, ձուն կոտրում ես մեջը և շատ գեղեցիկ տեսք է ստանում»: Իսկ 26-ամյա Գոռը իր նշանածին նվիրելու է ծաղիկներ և օծանելիք. «Իր սիրելի բույրն եմ ընտրել, որը միշտ նվիրում եմ, հենց վերջանում է օծանելիքը, նորն եմ գնում»-ասում է նա: Գոռն իր ապագա կնոջը նվերներ մատուցել է նաև սուրբ Սարգսի տոնին. գնել է փափուկ խաղալիք: Նրա կարծիքով՝ պարտադիր չէ տոն լինի, որ սիրահարները հիշեն միմյանց ուրախացնելու մասին:
Վալենտինի օրվա առթիվ, ինչպես տեղեկացնում է երևանյան խանութ-սրահներից մեկի վաճառողուհի Հեղինա Այվազյանը, ավելի շատ նվերներ գնում են երիտասարդները. «Նրանք հիմնականում գնում են հուշանվերներ՝ մեծամասամբ սրտիկի տեսքով, նաև տուփեր՝ մեջը կոնֆետներ կամ սրտեր: Աղջիկները սովորաբար նախընտրում են, որ արկղում լինեն փոքրիկ արջուկներ: Դրանք համատեղում են փայտերի վրա ամրացված վառ գույնի սրտերով: Գնված նվերների գները տատանվում են միջինը 2500-ից 3000 դրամի սահմաններում,-ասում է նա,- հավելում է՝ առևտուրը ավելի թեժ է Վելենտինի տոնին,-դե սուրբ Սարգսի օրը հիմնականում եկեղեցի են գնում, իսկ այս տոնին նվեր մատուցում»:
Նազենի Բաղդասարյանը