Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է ԼՂ հակամարտությունը ներկայացնելու որպես տարածքային վեճ. Էդուարդ Շարմազանով

Փետրվար 14,2013 14:01

Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի բաց դեբատների ժամանակ, մասնավորապես հայտարարել է, որ «Հայաստանի մղած պատերազմն Ադրբեջանի դեմ եւ ադրբեջանական տարածքների օկուպացիան բացասաբար է անդրադարձել քաղաքացիական բնակչության վրա»:

Արձագանքելով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել նացիստական Գերմանիային բնորոշ սուտ ու կեղծիք տարածելու քարոզչությունից: Պարոն Մամեդյարովը երեւի հավատացել է գեբելսյան սկզբունքին` եթե ուզում ես, որ քո ստին հավատան, ավելի ահավոր սուտ հորինիր:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից «ագրեսիայի» դրսեւորմանը եւ ադրբեջանական տարածքների “օկուպացիային”, պետք է նշեմ, որ ողջ աշխարհին է հայտնի՝ Հայաստանը երբեք էլ պատերազմ չի սանձազերծել Ադրբեջանի դեմ: Իսկ Պարոն Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է ԼՂ հակամարտությունը ներկայացնելու որպես տարածքային վեճ: Ճշմարտությունը հետեւյալն է՝ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման օրինական պահանջի` ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին ագրեսիվ պատերազմ եւ գնդակոծեցին խաղաղ բնակչությանը: Ավելին՝ Ադրբեջանն է դեռեւս օկուպացրած պահում ԼՂՀ որոշ շրջաններ»:

Անդրադառնալով Մամեդյարովի ելույթի այն հատվածին, համաձայն որի՝ 21 տարի առաջ Խոջալուում իրականացվել են ադրբեջանցի խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանություններ՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյային չէր խանգարի ծանոթանալ իր իսկ երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝  չեխ լրագրող Դանա Մազալովային տված հայտնի հարցազրույցին, որտեղ Մութալիբովը մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում («Նեզավիսիմայա Գազետա», 2.04.92)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728