ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր «Վարկած» ակումբում ներկայացրեց անչափահասների նկատմամբ եւ անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակը:
Ոստիկանության գնդապետն անդրադարձավ հիմնականում 2012թ.ժամանակահատվածին: Նրա տեղեկացմամբ, նախորդ տարվա համեմատ, առաջին անգամ նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները: 2011թ-ին գրանցվել էր 527 դեպք, իսկ 2012թ-ին՝ 414: Տիկին Դուրյանի կարծիքով, այդ նվազումը կապված է ՀՀ ոստիկանանության կողմից տարվող ամենօրյա աշխատանքներով, այցերով, հսկողությամբ: Ի դեպ, նշվեց, որ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերով էլ նվազում է եղել:
Մեր գործընկերներից մեկի հարցին, թե արդյոք, անչափահասների մեջ կա՞ն կրկնահանցագործներ, գնդապետն ասաց, որ ընդհանրապես կրկնհանցագործների թիվ գոյություն չունի:
Aravot.am-ի հարցին, թե կա՞ն անչափահասներից բաղկացած խմբավորումներ, տիկին Դուրյանը հայտնեց, որ մեզանում անչափահասների ներգրավմամբ խմբակային հանցագործություններ կատարվում են, եւ նաեւ չբացառեց, որ նման խմբավորումներ կարող են լինել, եթե որոշակի աշխատանքներ չկատարվեն:
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցին, թե այսօր սիրահարների օրն է, եւ անչափահասները ինքնասպանությունների դիմում են հաճախ այդ հողի վրա, ինչպիսին էր 2012-ին վիճակը, տիկին Դուրյանը պատասխանեց, որ անցյալ տարի գրանցվել է 45 ինքնասպանության դեպք, որից 9-ը ավարտվել է մահվան ելքով: Ինչ վերաբերում է «սիրո հողի» վրա կատարվող հանցագործություններին, բանախոսը նշեց վիրտուալ՝ «ինտերնետային» հանցագործությունները, որոնք պատճառ են դառնում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններին:Ի դեպ, մեծ տոկոս են կազմում աղջիկները, կամ շարժառիթը հիմնականում լինում են աղջիկները:
2012թ-ին գրանցվել էր նաեւ 16 ծանր հանցագործության դեպք՝ սպանության, 110 դեպք էլ՝ ծեծի միջոցով մարմնական վնասվածքներ հասցնելու:
Մեր այն հարցին, թե կա՞ վիճակագրություն, թե ո՞ր սոցիալական շերտերի երեխաններն են հիմնականում հանցագործություններ կատարում՝ մտավորականներ, շարքային քաղաքացիներ, գործարարներ, օլիգարխներ, պատգամավորներ, տիկին Դուրյանը պատասխանեց.«Մեր համար երեխան մնում է երեխա: Տարանջատում չենք արել եւ չենք անում:Կարող եմ ասել, որ տարիքային խումբը, որը հիմնականում կատարում է զանցանքներ, 15-17 տարեկաններ են: Իսկ առհասարակ, միակողմանի ծնողազուրկ երեխաները հակում ունեն հանցագործություն կատարելու»:
Երեխաները, որոնք կատարում են հանցագործություններ, հիմնականում օգտվում են դանակից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ